Քաղաքականություն
21.09.2026 | 15:21
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործառնությունների գործակալությունը (UKMTO) հայտնում է, որ Հորմուզի նեղուցով ընթանալիս «անհայտ արկը հարվածել է» նավթատար լցանավին, գրում է Al Jazeera-ն։
Զինվորականները UKMTO-ին տեղեկացրել են, որ անձնակազմի երկու անդամներ ստացել են «թեթև վնասվածքներ»։ Հաղորդվում է, որ նավը շարունակում է ընթացքը դեպի նշանակման նավահանգիստ։
«Նավերի անձնակազմերին խորհուրդ է տրվում զգուշությամբ նավարկել և ցանկացած կասկածելի գործունեության մասին հայտնել UKMTO-ին»,- նշել է գործակալությունը։
Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում, այդ թվում՝ նավի ինքնությունը կամ արկի արձակման աղբյուրը։
Միաժամանակ, Հորմուզի նեղուցով առևտրային նավերի տարանցումը կտրուկ նվազել է ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող լարվածության ֆոնին: Reuters-ը, հղում անելով Kpler վերլուծական ընկերության տվյալներին, հաղորդել է, որ սեպտեմբերի 19-20-ը նեղուցով անցել է ընդամենը 12 նավ։ Մեկ շաբաթ առաջ՝ սեպտեմբերի 12-13-ին, նեղուցով անցել է 35 նավ: Մինչև փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմը, Հորմուզի նեղուցով օրական անցնում էր մոտ 125 նավ:
Նախօրեին Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել էր, որ Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև Թեհրանի պայմանները չբավարարվեն և երկրի «օրինական իրավունքները» չճանաչվեն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի