Կասեցվել է «Իգիթի» որոշ արտադրատեսակների արտադրությունը (PAN.am)

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Իգիթ» ընկերության «Կաթնաշոռ 9%» և «Կարագ 82.5%» արտադրատեսակների արտադրությունը՝ լաբորատոր փորձաքննությամբ հայտնաբերված խախտումների հիման վրա։

Տեսչական մարմինը ստուգում է իրականացրել «Իգիթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ Շիրակի մարզի Ազատան գյուղի 54/6 հասցեում տեղակայված կաթնամթերքի արտադրամասում։ Ստուգման ընթացքում վերցված և լաբորատոր փորձաքննության ուղարկված նմուշներում արձանագրվել են սահմանված նորմերից շեղումներ։

Մասնավորապես, «Կաթնաշոռ 9%» արտադրատեսակի նմուշը չի համապատասխանել սահմանված պահանջներին «Խմորասնկեր» և «Բորբոսասնկեր» ցուցանիշներով, իսկ «Կարագ 82.5%» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ» և «ԱՑԽՄ» ցուցանիշներով։

Արձանագրված անհամապատասխանությունները վերաբերել են սննդամթերքի անվտանգության ոլորտը կարգավորող իրավական ակտերով ամրագրված անվտանգության և հիգիենայի պահանջներին։

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ ժամանակավորապես դադարեցվել է արտադրամասի գործունեության առանձին գործառույթը՝ նշված երկու արտադրատեսակների արտադրությունը։

Սահմանափակումը կգործի մինչև բացահայտված խախտումների ամբողջական վերացումը։

Leave a comment