«Խնդիրն այն է, որ այդ ամենը միջազգային հանրության աչքի առաջ կատարվեց. նրանց կեցվածքը ոգևորիչ է Ադրբեջանի համար»

Առավոտի» զրուցակիցն է Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Վահրամ Բալայանը։

Պարոն Բալայան, օրերս ականատես եղանք, թե Բաքվի վարչակազմն օտարերկրյա դիվանագետների մասնակցությամբ ինչ շոու կազմակերպեց օկուպացված Արցախում։ Ի՞նչ նպատակ են հետապնդում Ադրբեջանի իշխանությունները՝ փորձում են միջազգային ներգրավմամբ լեգիտիմացնե՞լ Արցախի նկատմամբ իրենց ցեղասպանական գործողությունները։

Դե, փաստորեն, գիտեք, որ սա նոր պատմություն չէ այն առումով, որ դեռ խորհրդային ժամանակաշրջանից սկսած նպատակ կար հնարավորինս պայմաններ ստեղծել, որպեսզի Արցախը հայաթափվեր։ Այսինքն՝ եթե այդ քաղաքականությունն այն ժամանակ տարվում էր սոցիալտնտեսական քաղաքականության տարբեր գործիքների միջոցով, հիմա արդեն այդ հարցը լուծում են ռազմական ճանապարհով։ Այսինքն՝ ցեղասպանական գործողությունների միջոցով Արցախը հայաթափելուց հետո, հիմա փորձում են ոչնչացնել այն ամենը, ինչը կապված է հայ ժողովրդի հետ, այսինքն՝ պատմամշակութային ժառանգությունը, որը դարերի ընթացքում ստեղծել է հայ մարդը։ Նպատակն է այդ ամենը կամ ոչնչացնել, կամ էլ տարբեր հիմնավորումներով փորձել նորից խլել հայ ժողովրդից՝ օրինակ, այսպես կոչված, «աղվանական» թեզի շրջանառման միջոցով։ Փաստորեն, նրանց կողմից «աղվանական» է համարվում Արցախի Հանրապետության տարածքում հայկական պատմամշակութային ժառանգությունը։

Ի դեպ՝ ասեմ, որ դա էլ նոր բան չէ։ Դեռ խորհրդային ժամանակաշրջանից սկսված՝ Ադրբեջանի կառավարությունը նմանատիպ որոշումներ ուներ։ Եվ այսօր նորից դա շարունակվում է։ Դա նաև Ադրբեջանի նախագահի անմիջական հրահանգով կատարվեց։ Եթե հիշում եք, Հադրութի շրջանում Ալիևը ցույց էր տալիս հայկական եկեղեցին և ասում, թե հայերը «կեղծել են» և արձանագրությունները հետագայում հայերեն են գրել։ Հիմա նաև Գանձասարում այդ ամենը կատարվեց, ներկայացվում է թե իբր հայերը «պատմություն չունեն»։ Ցավալին գիտե՞ք որն է, որ Դադիվանքը կառուցած ԱրզուԽաթունը հենց արձանագրություն է թողել, որտեղ գրում է, որ իր զավակը՝ Հասանը, զոհվել է թուրքերի դեմ կռիվներում։ Հենց այդ արձանագրությունը Դադիվանքի վրա փորագրված է։ Եվ հիմա փորձում են այդ ամենը սեփականացնել եւ հայկական հետքը ընդհանրապես վերացնել։

Միջազգային հանրության ներգրավվածությունն ու մասնակցությունն այս ամենին ո՞նց եք գնահատում։

Խնդիրն այն է, որ այդ ամենը միջազգային հանրության աչքի առաջ կատարվեց։ Այսինքն՝ միջազգային հանրություն կոչվածի կեցվածքը ունի մեկ նպատակ՝ հնարավորինս կարողանալ Բաքվից շատ նավթ, գազ տանել, օգտվել այդ ամենից։ Եվ իրենք, ինչպես ասում են, «թքած ունեն» ընդհանրապես մնացած ժողովուրդների հույսերի, մտահոգությունների վրա։ Դա է մոտեցումը, և այդ մոտեցումը համենայնդեպս ոգևորիչ է Ադրբեջանի համար։ Եվ Ադրբեջանն ավելի ակտիվ է այդ աշխատանքներն իրականացնում, որովհետև այդ հովանավորությունը ստանում են։ Տեսնում ենք՝ հայտարարությունների մեջ անընդհատ գրում են, թե «Ղարաբաղն ազատագրել են» և այլն։ Հարց է առաջանում՝ բա այստեղ մարդիկ էին ապրում, կամ այս ամենը ստեղծողները ովքե՞ր են, որտե՞ղ են հիմա այդ մարդիկ, եթե Ղարաբաղը այսպես կոչված՝ «ազատագրվել է»։ Այսինքն՝ լկտիաբար այդ վերաբերմունքը կա, և, ցավոք սրտի, դա նոր բան չէ, այսինքն՝ մեծ տերություններին հատուկ բան է։ Իրենք իրենց խնդիրները լուծում են մյուս ժողովուրդների հաշվին։

Սրա վտանգավոր հետևանքները որո՞նք կարող են լինել ընդհանրապես հայկական կողմի համար, եթե Հայաստանի իշխանությունների այս քաղաքականությունը շարունակվի։

Ամբողջ խնդիրն այն է, որ չխոսելը նպաստում է, որպեսզի իրենք ավելի ակտիվ գործեն, և մյուս կողմից էլ նաև հիմնավորեն, որ Հայաստանի Հանրապետությունը կողմնակից է այդ ամենին։ Եթե այստեղ ասվում է՝ եթե Ստեփանակերտում քանդվել է եկեղեցի, դա իրենց ներքին գործն է, հասկանալի է, չէ՞, որ ադրբեջանցիները դրան հղում են կատարում։ Եվ, ցավոք սրտի, դա անելու են ոչ միայն հիմա, այլ նաև հետագայում էլ են անելու՝ 10 տարի, 20 տարի, 30 տարի։ Հետագայում ցույց են տալու, որ փաստացի ոչ մի խնդիր չկա, նույնիսկ Հայաստանում կողմնակից էին այդ ամենին։ Այ սա է վտանգավորը, այսինքն՝ չպայքարելը, չպաշտպանելը քո ազգային շահերը, քո իրավունքները, որոնք հազար ձևով միջազգային տարբեր ատյաններում ամրագրված են։ Միջազգային դատարանն էլ է որոշում կայացրել, և այլն, տասնամյակներ շարունակ բանակցություններ են եղել, սկզբունքներ են եղել։

Դե լավ, այդ դեպքում հարց է առաջանում՝ ինչո՞ւ էին Արցախի հարցը քննարկել այն տեսանկյունից, որ տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի չկիրառման սկզբունքների հիման այդ հարցը պետք է լուծվի։ Եթե այդ ամենը «թուրքերինն է եղել կամ աղվանական է եղել», ապա ի՞նչ իմաստ կար 30 տարի անընդհատ այդ ամենի շուրջ բանակցել, քննարկել։ Կամ այդ նույն համանախագահող երկրների ներկայացուցիչներն անընդհատ գալիս էին Ստեփանակերտ, հանդիպումներ էին ունենում Արցախի Հանրապետության ղեկավարության հետ։ Այնպես որ, սրանք հարցեր են, որոնց պատասխանները չեն տրվում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.09.2026

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment