Դատապարտում ենք Պարգև Սրբազանի դեմ հարձակումները. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը վճռականորեն դատապարտում է Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի դեմ ուղղված վիրավորանքներն ու վարկաբեկման փորձերը՝ ԱՄՆ-ում նրա կացության փաստաթղթերի առնչությամբ։
Պարգև սրբազանը տասնամյակներ շարունակ եղել է Արցախի ու իր ժողովրդի կողքին՝ պատերազմի, կորստի և ծանր փորձությունների օրերին։ Այդ ծառայությունը որևէ երկրի տված փաստաթղթով չի ջնջվում։ Մարդու հայրենասիրության մասին վկայում է նրա անցած ճանապարհը։
ԱՄՆ-ում բուժում ստանալով՝ Սրբազանը շարունակում է բարձրաձայնել Արցախի մասին, դիմել ամերիկացի օրենսդիրներին և միջազգային ուշադրություն հրավիրել հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտության վրա։ Առողջական դժվարությունները նրան չեն հեռացրել իր պարտքից։
Հայրենիքին կյանք նվիրած մարդուց չի կարելի պահանջել հրաժարվել իր կյանքը պահպանելու իրավունքից։
Քննադատության իրավունքը նվաստացնելու իրավունք չէ։ Մարդը պարտավոր չէ իր հիվանդության պատմությունը դարձնել հանրային ցուցադրություն՝ վիրավորանքներից պաշտպանվելու համար։
Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը։ Մեր զորակցությունն ենք հայտնում նրան ու Արցախի համար նրա շարունակվող ծառայությանը։
Մեր պարտքն է նաև պաշտպանել այն մարդկանց արժանապատվությունը, որոնք ամենածանր օրերին կանգնել են մեր ժողովրդի կողքին։
Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: