Խաչատուրյան․ ՀՀ-ն պետք է լինի ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը (PAN.am)

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն Անկախության օրվա 35-րդ տարեդարձի առիթով հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ Հայաստանին անհրաժեշտ է լինել ճկուն՝ առանց կորցնելու իր սկզբունքայնությունը:

«Անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը ցանկացած ժողովրդի համար հիմնարար և անփոխարինելի արժեքներ են։ Հայ ժողովուրդը հազարամյակների պատմության ընթացքում անցել է պետականության կորստի ու վերականգնման, վերելքների և ծանրագույն փորձությունների միջով։ Այսօր մենք ունենք այն, ինչի համար սերունդներ շարունակ պայքարել են՝ Հայաստանի Հանրապետությունը։

Մեր հանրապետությունը հայ ժողովրդի պատմական շարունակականության այսօրվա իրականությունն է և աշխարհասփյուռ հայության՝ սեփական պետություն ունենալու դարավոր ձգտման մարմնավորումը։ Պետականությունը մեկ անգամ ձեռք բերվող և մեկընդմիշտ ապահովված արժեք չէ, այլ ամեն օր ստեղծվող ու ամրապնդվող իրականություն է»,- նշել է նախագահը։

Նա ընդգծել է, որ անկախությունը սեփական ճակատագիրը տնօրինելու, իսկ ազատությունը սեփական որոշումները կայացնելու կարողություն է, որոնց հետ միասին անհրաժեշտ է ստանձնել նաև պատասխանատվություն։ Ինքնիշխանությունն, ըստ նախագահի, սեփական շահը սահմանելու և այն պաշտպանելու քաղաքական կարողություն է։

Խաչատուրյանը նշել է, որ այսօր փոփոխվել են աշխարհն ու տարածաշրջանը, ինչպես նաև անվտանգության, տնտեսական զարգացման և առաջընթացի պայմանները։ Այս նոր իրողություններին դիմակայելու համար Հայաստանին անհրաժեշտ է ցուցաբերել ճկունություն՝ չկորցնելով սկզբունքայնությունը, և պահպանել ամրությունը՝ միաժամանակ չզրկվելով փոփոխվելու կարողությունից։

ՀՀ նախագահը շեշտել է, որ հնարավոր է փոփոխել քաղաքականությունները, բարեփոխել ինստիտուտները և գտնել նոր լուծումներ, սակայն անկախությունը, ազատությունը, ինքնիշխանությունն ու պետականությունը չեն կարող իրավիճակից կախված արժեքներ դառնալ։

«Մեր բոլոր որոշումների չափանիշը պետք է լինի Հայաստանի Հանրապետության պետական ու հանրային շահը»,- ասված է ուղերձում։

Նախագահի խոսքով՝ անհրաժեշտ է գիտակցել, թե ինչպիսի պետություն ենք ցանկանում ժառանգություն թողնել հաջորդ սերունդներին, և նրանց փոխանցել ոչ միայն անկախ պետություն ունենալու փաստը, այլև ինքնիշխան, ազատ, ժողովրդավար ու կարողունակ պետություն։

Leave a comment