Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, վարչապետ Միխայիլ Միշուստինը և արտգործնախարար Սերգեյ Լավրովը շնորհավորական ուղերձներ են հղել ՀՀ անկախության տոնի առթիվ։
«Հարգելի՛ Նիկոլ Վովայի, ընդունե՛ք շնորհավորանքներ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ բարեկամ հայ ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»,–նշված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում, որը հրապարակվել է ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։
Միխայիլ Միշուստինը Փաշինյանին ուղղված ուղերձում խոսել է ՀՀ–ՌԴ համագործակցության զարգացման մասին։
«Ռուսաստանի Դաշնության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ։ Համոզված եմ, որ առևտրատնտեսական, գիտատեխնոլոգիական և մշակութային ու հումանիտար ոլորտներում կառուցողական համագործակցության զարգացումը փոխադարձ հարգանքի հիման վրա լիովին համապատասխանում է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության երկարաժամկետ շահերին»,– նշել է նա։
Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։