«Լինում են իրավիճակներ, որտեղ բավականին ծանր բանակցություններ պետք է ունենաս: Բավականին ծանր, որտեղ, օրինակ, այնպիսի առաջարկ է արվում ձեզ, որ պետք է ասես «ոչ»»,- ՀՀ Անկախության օրը «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
Ըստ նրա՝ «ոչ»-ը ասելու երկու ձև կա. ասում ես «ոչ, դա անընդունելի է» ու դուրս ես գալիս սենյակից, որի բոլոր հիմքերն ունես, և կարող ես ասել այնպիսի «ոչ», որից հետո խոսակցությունը շարունակես, քո «ոչ»-ը չզիջես, փորձես գտնես լուծումը:
Նա հարցադրում հնչեցրեց՝ բարդ ժամանակաշրջանում Հայաստանին ասում են, որ Սահմանադրությունից Անկախության հռչակագրի հղումը հանի, մի՞թե սա նորմալ երևույթ է. «Աննորմալ է, կարծես թե բոլորն էլ համաձայն կլինեն: Ո՞նց կարող է մեկ սուվերեն պետության մեկ այլ սուվերեն պետություն պահանջ դնի: Ի՞նչ անենք, արդյոք այդ դիալոգը վերածե՞նք կոնֆլիկտի: Ոչ: Արդյո՞ք մենք բավարար աշխատանք դրա ուղղությամբ տանում ենք, իմ կարծիքով՝ ոչ»:
Նա նաև նկատում է՝ մենք 35 տարեկան անկախ պետություն ենք, որն իր պատմության ընթացքում ամեն հնարավոր ու անհնարին դժվարություն հաղթահարել է, և ոտքի կանգնած ենք: Ու հիմա էլ, եթե ելակետը վերցնում ենք խաղաղությունը, վերցնում ենք պատշաճ, հմուտ, արհեստավարժ դիվանագիտությունը, բայց մեր կարմիր գծերը պահպանում ենք, ամեն ինչ էլ կստացվի:
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: