«Այս ծառատունկը խորհրդանշում է զարգացում, այլ ոչ թե հանձնում։ Այն կարելի է կոչել Անկախության պարտեզ կամ այգի»,– նշեց նա։
Կարապետյանը տեղեկացրեց, որ տուրիստական ծրագիր ունեն և մոտ ժամանակներս կդիմեն շինթույլտվություն ստանալու համար, որպեսզիՏիգրանաշենի տարածքում կարողանան զբոսաշրջային գոտի սարքել` գլեմփինգ (ժամանակակից տուրիզմի ուղղություն, որը միավորում է բնության գրկում հանգիստն ու հյուրանոցային հարմարավետությունը–խմբ.)։
«Մարդիկ, որպեսզի կարողանան Երևանից ընդամենը մի քանի տասնյակ րոպե հեռավորության վրա գալ այստեղ, տուրիստական շարժ լինի, որ մարդիկ չթողնեն, դուրս գան»,– ասաց նա։
Ըստ Կարապետյանի` շինթույլտվության հնարավորությունը խնդրահարույց կարող է լինել, սակայն իրենց առաջարկած տուրիստական ծրագիրն այնպիսին է, որ ամբողջ տարածքի համար շինթույլտվություն չի պահանջվի, այսինքն` այն անհրաժեշտ կլինի միայն ռեստորանային տարածքի համար և, ըստ այդմ, նախ կկառուցեն գլեմփինգը, ապա ռեստորանի համար կստանան թույլտվություն։
Նա տեղեկացրեց, որ այսօր հանդիպելու են նաև տիգրանաշենցիների հետ, բոլորի տներով առանձին կանցնեն և մի քանի առաջարկ կներկայացնեն։
Կարապետյանի խոսքով` առաջարկներից մեկն այն է, որ հենց ճանապարհին կառուցեն շուկա, որպեսզի տեղացիները կարողանան իրենց բերքը հենց տեղում վաճառել։
Բացի այդ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները որոշել են իրենց պարգևավճարներն ուղղել Տիգրանաշենի տների բարեկարգմանը։