«Անկախության հռչակագիրը մեր ծննդյան վկայականն է, այն չի կարող կոնֆլիկտածին լինել». Արամ Վարդևանյան

«Մեր պետականության, մեր ազգի, մեր պետականության հարատևության համար բանաձևերից մեկը կարող է լինել որևէ մի իրավիճակում, ցանկացած իրավիճակում երբեք չհանձնվելը: Մեր պետականությունը, մեր անկախությունը մեզ հեշտ չի տրվել: Եթե նայում ենք մեր Հայաստանի, մեր հայոց պատմությունը, իսկապես սա մեծագույն ձեռքբերում է, սա մեր նախնիների պատգամի, իղձերի իրականացումն է: Հետևաբար, այո՛, մենք ամեն օր մեր անկախությունը, մեր պետականությունը պետք է փայփայենք, սիրենք, հոգ տանենք»,- ՀՀ Անկախության օրը «ՀՀ անկախության հռչակագիրը և համազգային շահերը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Արամ Վարդևանյանը:

Ըստ բանախոսի՝ ՀՀ Սահմանադրության նախաբանի մեջ նկարագրված են մեր համազգային նպատակները՝ Հայաստանի Հանրապետության հզորացումը, բարգավաճումը, հասարակության բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը և, իհարկե, նաև հավատարմությունը համամարդկային արժեքներին: Իր կարծիքով՝ սրանք յուրովի կարող են և պետք է հանդիսանան մեր համազգային նպատակները. «Ինչի՞ց ենք վախենում այս ձևակերպման մեջ: Ենթադրում եմ, քանի որ այդպիսի խոսույթ առկա է, վախերից մեկը կարող է լինել ընդհանրապես հղումը Անկախության հռչակագրին: Արդյոք Անկախության հռչակագիրը վախենալո՞ւ է կամ, ինչպես ավելի ընդունված է վերջին շրջանում ասել, Անկախության հռչակագիրը արդյոք կոնֆլիկտածի՞ն է: Գիտեք, դա տպավորություն է առաջացնում, օրինակ, մեկի ծննդյան վկայականը լինի կոնֆլիկտածին: Ծիծաղելի է թվում, չէ՞, բայց մենք ներկայումս այդ իրականության մեջ ենք ապրում»:

Հարցի իրավական հարթությունում նա հիշեց, որ 2024 թվականին Սահմանադրական դատարանը քննության առարկա դարձրեց բավականին, այդ պահին շատ սուր քննարկվող, քննադատվող մի հարց, որը վերաբերում էր Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթղթին և դրա շրջանակներում անդրադարձ կատարեց Անկախության հռչակագրին։ Անդրադարձ կատարեց նաև Սահմանադրության նախաբանին՝ այն հղմանը, որը առկա է դեպի Անկախության հռչակագիր, համազգային նպատակներին ևս. «Սահմանադրական դատարանի այդ որոշման հետ ես ինքս մասնագիտական տիրույթում ունեցել եմ անհամաձայնություն: Ես համարում էի, որ Սահմանադրական դատարանը շատ ավելի պաշտպանողական դիրքերից պետք է հանդես գա առ մեր Անկախության հռչակագիրը, բայց այդպես չեղավ: Բայց մյուս կողմից Սահմանադրական դատարանը կարծես որևէ մի դիսկուրս կոնֆլիկտածինության վերաբերյալ սպառեց. այդպես էր թվում առնվազն: Ի դեպ, դրա մասին էր նաև ամբողջ իշխանական, քաղաքական, իրավական դիսկուրսը:

Հիմա կրկին վերադարձել ենք մի իրավիճակի, որ խոսվում է Սահմանադրության՝ նոր Սահմանադրության ընդունման մասին, որի նպատակը չեն էլ թաքցնում, նախաբանը իր ձևով և բովանդակությամբ փոխելու մասին է: Հիմա, բայց տեսեք, այստեղ մեկ այլ հակասականություն կա: 2024-ից կրկին մեկ տարի հետ գնանք. քննարկվում էր Միջազգային քրեական դատարանը, Հռոմի ստատուտը, թե՝ ոչ: Ժամանակին ՀՀ-ն դիրքորոշում էր արտահայտել՝ ասելով, թե ինչի համար չենք կարող վավերացնել Հռոմի ստատուտը: Եթե նայում եք մեր Սահմանադրությունը, դատարաններ բաժինը, դատական իշխանությանը վերաբերող կարգավորումները, դուք կտեսնեք այնտեղ գրված է, որ ՀՀ-ում արդարադատություն իրականացնում են դատարանները: Գիտեք, բոլորն էլ ունենք: Հիմա կարծես թե Միջազգային քրեական դատարանը Հայաստանի դատարան չէ, օրինակ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան չէ, միջազգային քրեական դատարան է: Սահմանադրական դատարանը գտավ, որ քանի որ Սահմանադրության նախաբանում առկա է այնպիսի համազգային նպատակ, որը վերաբերում է համամարդկային արժեքներին հավատարմությանը, որն էլ իր հերթին կապված է մեր Անկախության հռչակագրում Հայոց ցեղասպանության վերաբերյալ դրույթների հետ, հետևաբար այստեղ նույնիսկ Սահմանադրության այլ կարգավորումների լույսի ներքո նախաբանը պետք է լինի գերակայող: Որովհետև, այո՛, Սահմանադրության նախաբանը հանդիսանում է անփոփոխելի հոդված, անփոփոխելի՝ այսինքն որոշակի իմաստով ժողովրդի՝ սահմանադրի կամքը սահմանափակող:

Բայց պատկերացրեք՝ մի քանի տարվա ընթացքում իրավական դիրքորոշումների ինչ տեկտոնիկ շարժում ենք տեսնում, ինչ աստիճան անհասկանալի, ու անկեղծ ասեմ՝ ինքս որպես իրավաբան ես նույնիսկ չեմ հասցնում այս դիրքորոշումների հետևից: Այսինքն՝ ի վերջո Սահմանադրական դատարանի ցանկացած որոշում որոշակի իմաստով պետք է նպաստի սահմանադրականության ձևավորմանը, այսինքն՝ սահմանադրական արժեքների, նորմերի հասարակական կյանքում, մեր առօրյա կյանքում իրացմանը, ընկալմանը: Բայց երբ դրանք այդ աստիճան տատանվում են, առաջանում է խզում, ու հիմա մենք հասել ենք այդ խզման ամենաբարձր կետին, որ «համազգային նպատակ» ձևակերպումը համարվում է խնդիր»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արամ Վարդևանյանի խոսքով՝ մենք ունենք նաև մեր համազգային նպատակները, և դրանից ոչ պետք է վախենալ, ոչ պետք է խուսափել. «Մենք ունենք մեր Անկախության հռչակագիրը, որը, այո՛, գրվել է հեռավոր 1990 թվականի օգոստոսի 23-ին: Երբ բովանդակությունը նայում եք, այնտեղ այնպիսի ձևակերպումներ կան կամ եզրույթներ կան, որոնք հիմա շատ խորթ կթվան, բայց պետք չի նայել ֆորմալիստական իմաստով, տեխնիկական իմաստով. այդտեղ պետք է բացահայտել այդ դրույթների հարատև էությունը, որոնք կան և բնավ կոնֆլիկտածին չեն, բնավ: Իրականում Հայաստանի Հանրապետության պետականության երազանքի մասին են և ապագայի տեսլական, իսկ երազանք բառի մեջ նեգատիվը չկա, բացասական տարր չկա, կա միայն լավը»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment