Հայաստանն ու ԱՄՆ-ն մոտենում են 1 մլրդ դոլարի ներդրումային շեմին. նախարար

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է ԱՄՆ-ի հետ երկկողմ տնտեսական հարաբերությունների կտրուկ ակտիվացման մասին: 

«Եթե գումարում ենք այս բոլորը իրար, մենք տեսնում ենք, որ նվազագույնը 1 մլրդ դոլարի մասին ենք խոսում»,- «ՍիվիլՆեթ բիզնեսին» տված հարցազրույցում ասել է Գևորգ Պապոյանը՝ հավելելով, որ նախկինում նման թվերը Հայաստան-ԱՄՆ տնտեսական հարաբերությունների համատեքստում համարվում էին «ուղղակի երազանքի դաշտից»։

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Երևան կատարած այցի ֆոնին նախարարը մանրամասն ներկայացրել է սպասվող խոշոր նախաձեռնությունները՝ մատնանշելով TRIPP («Թրամփի ուղի») ենթակառուցվածքային նախագիծը, Nvidia-ի հետ Հայաստանում տվյալների մշակման կենտրոն կառուցելու 500 մլն դոլար արժողությամբ (այն հետագայում աճեց մինչև 4 մլրդ դոլար) ծրագիրը, Որոտանի հիդրոկասկադի արդիականացումն ու ատոմային էներգետիկայի ոլորտում սպասվող համագործակցությունը։ Նրա խոսքով՝ վերջինիս արդիականացման համար արդեն իսկ հայկական բանկերից 120 մլն դոլարի վարկային փաթեթ է հաստատվել։

Դրանցից առանցքայինը, ըստ նախարարի TRIPP երկաթուղային ծրագիրն է: Պապոյանի փոխանցմամբ՝ Սյունիքով Ադրբեջանը Նաիջևանին կապող 43 կիլոմետր երկարությամբ երկաթուղու վերականգնման համար կծախսվի շուրջ 200 միլիոն դոլար։ Ֆինանսավորումն ամբողջությամբ կիրականացվի ամերիկյան կողմից, մինչդեռ Հայաստանը, ըստ նախարարի, կհատկացնի անհրաժեշտ հողատարածքները։

Թեև որոշ մասանգետներ այդ ծրագրի տնտեսական նպատակահարմարությունը կասկածի տակ են դնում ներդրված գումարի վերադարձելիության տեսանկյունից, Պապոյանը մատնանշում է, որ TRIPP-ի ակնկալվող օգուտները զուտ ֆինանսական չեն: 

«Սա առաջին հերթին խաղաղության ամենախոշոր գործիքն է։ Այս ծրագիրը Հայաստանի անվտանգությունն ավելի շատ կապահովի, քան տասնապատիկ ավելի զենքը»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ ծրագրի իրագործմանն ուղղված ակտիվ քայլերը տեսանելի կդառնան արդեն առաջիկա ամիսներին։

Նրա խոսքով, երկաթուղու տեխնիկական առավելությունները ևս անժխտելի են, քանի որ այն անցնելու է Արաքսի հովտով՝ հարթավայրային տարածքով, ինչը հնարավորություն կտա տեղափոխել անհամեմատ մեծ քանակությամբ բեռներ՝ գերազանցելով տարածաշրջանային այլընտրանքային ուղիներին։

Նախագծի տնտեսական օգուտների թվում նախարարը նշեց Հայաստանի վարկանիշի սպասվող փոփոխությունը ամերիկյան տեխնոլոգիական հասանելիության դասակարգման մեջ։ Նախարարը տեղեկացրեց, որ Երևանը կատարել է ԱՄՆ առևտրի դեպարտամենտի բոլոր պահանջները՝ «D» խմբից «B» խումբ տեղափոխվելու համար, ինչը թույլ կտա իրականացնել բարձր տեխնոլոգիական տրանսֆերներ և էականորեն հեշտացնել երկկողմ առևտուրը։ 

Ըստ Պապոյանի՝ Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը բերելու է շղթայական դրական էֆեկտների, ներառյալ զբոսաշրջության աճը և մարդկային կապիտալի ավելի արդյունավետ ներգրավումն աշխատաշուկայում՝ հաշվի առնելով բանակում ծառայության ժամկետի կրճատումը, որը նախադրյալ է ստեղծում առաջիկա տարիներին «տնտեսական աճի միջավայրում գործելու համար»:

The post Հայաստանն ու ԱՄՆ-ն մոտենում են 1 մլրդ դոլարի ներդրումային շեմին. նախարար appeared first on CIVILNET.

Leave a comment