Անկախ պետությունը որոշումները կայացնում է սեփական ազգային շահից ելնելով․ «Ուժեղ Հայաստան»

Բաժանորդագրվել

Քաղաքական ուժը համոզված է` Հայաստանի անկախությունը չի կարող լինել միայն հռչակված արժեք, այլ այն պետք է պաշտպանված լինի ուժեղ բանակով, ամուր պետական ինստիտուտներով, օրենքի գերակայությամբ։

ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի – Sputnik․ Անկախ պետությունն այն է, որն իր որոշումները կայացնում է սեփական ազգային շահից ելնելով, իր իրավունքները չի փոխանակում ժամանակավոր հանգամանքների հետ և իր ապագայի տնօրինումը չի հանձնում բախտախնդիրներին։ Այս մասին նշված է «Ուժեղ Հայաստան» կուսակցության տարածած հայտարարության մեջ։

Շնորհավորելով Անկախության օրվա առիթով՝ «Ուժեղ Հայաստանը» շեշտում է, որ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին մեր ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը հանուն ազատ և ինքնիշխան Հայաստանի։ Այդ ընտրությունը սերունդների առաջ պարտավորություն է՝ պահպանել այն Հայաստանը, որի անկախության համար քվեարկել ենք։

«Հայաստանի անկախությունը չի կարող լինել միայն հռչակված արժեք։ Այն պետք է պաշտպանված լինի ուժեղ բանակով, ամուր պետական ինստիտուտներով, օրենքի գերակայությամբ, արժանապատիվ քաղաքացիներով և իշխանությամբ, որը գիտի՝ պետության առաջին պարտավորությունը սեփական ժողովրդի ու պետական շահի պաշտպանությունն է»,- նշված է կուսակցության ուղերձում։

Շեշտվում է՝ խաղաղությունը չի կառուցում զիջումների և սեփական իրավունքներից հրաժարվելու հաշվին։ Հայաստանը պետք է համագործակցի բոլորի հետ, սակայն իր ապագայի որոշումը պահի իր ձեռքում։ «Անկախություն» նշանակում է՝ ոչ ոք մեր փոխարեն չպետք է որոշի՝ ինչպիսին է լինելու Հայաստանը։

Հիշեցնենք` այսօր՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Անկախության օրը: 1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը, որը հիմք դրեց Հայաստանի Հանրապետության անկախ պետականության ստեղծմանը։ 1991թ. սեպտեմբերի 21-ին խորհրդարանը որոշեց հանրապետության տարածքում հանրաքվե անցկացնել։ Բնակչության ճնշող մեծամասնությունը՝ քվեարկության իրավունք ունեցողների 94,39 տոկոսը կամ 2 մլն 43 հազար մարդ, «Այո» ասաց անկախությանը։

Leave a comment