Հայրենիքի հզորացման, ժողովրդի անսասանության աղբյուրը անկախությունն է. Արամ Ա-ի ուղերձը

Հայրենիքի հզորացման ու զարգացման, մեր ժողովրդի անսասանության ու հարատևության աղբյուրը անկախությունն է: Այս մասին նշված է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա կաթողիկոսի` Անկախության տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում։

«Հայաստանի անկախության տոնակատարությունը ուղերձ է` ուղղված յուրաքանչյուր հայի՝ անկախությանը որպես սրբազան արժեք հավատարիմ լինելու համար։ Անկախությունը Աստծո պարգև է. այն պետք է պահել հավատարմությամբ։ Անկախությունը նաև մարդկային իրավունքի հիմնական սկզբունքներից մեկն է. այն պետք է հարգել»,– ընդգծել է Արամ Ա–ն։

Վեհափառի խոսքով` անկախությանը և նրա սկզբունքներին, արժեքներին հաստատուն հավատարմությունը ենթադրում է հավատ, կամք և պայքար:

«Այս գիտակցությամբ հայ ժողովուրդը կերտեց և պահպանեց իր անկախությունը և երբ պատմության պայմանների պարտադրմամբ այն կորցրեց, վերականգնման նրա տեսլականը վերածվեց ամենօրյա պայքարի»,– նշել է Արամ Ա–ն:

1990 թվականի օգոստոսի 23-ին Գերագույն խորհուրդն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ըստ որի՝ Հայկական ԽՍՀ-ին փոխարինվեց անկախ Հայաստանի Հանրապետության։ 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հանրաքվեի ժամանակ 2 միլիոն 56 հազար 758 մարդկանց 99 տոկոսը քվեարկեց ԽՍՀՄ-ից Հայաստանի դուրս գալու օգտին, որից հետո սեպտեմբերի 21-ը նշվում է որպես Հայաստանի անկախության օր։

Sputnik Արմենիա

Leave a comment