TRIPP և նոր հնարավորություններ․ ԱՄՆ պետքարտուղարը շնորհավորել է Հայաստանին անկախության 35-ամյակի առթիվ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ի անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ


ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ի անունից շնորհավորել է Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։

«Միացյալ Նահանգները Հայաստանի հետ միասին նշում է անկախության վերականգնման 35-ամյակը և անդրադառնում այն առաջընթացին, որն արձանագրել է ձեր ազգը ավելի խաղաղ, բարգավաճ և ժողովրդավարական ապագայի ճանապարհին», – նշված է ուղերձում։

Ռուբիոն ընդգծել է, որ անցած տարվա ընթացքում երկու երկրների համատեղ արձանագրած պատմական առաջընթացը ցույց է տալիս, թե աշխատելու դեպքում ինչ է հնարավոր իրականացնել խաղաղության և բարգավաճման ընդհանուր տեսլականի ուղղությամբ։

Նա նշել է, որ ԱՄՆ-ն ակնկալում է առաջ մղել «Թրամփի ուղին՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագիրը, ամրապնդել տնտեսական կապերը, խրախուսել ամերիկյան ներդրումները և օգնել բացահայտել նոր հնարավորություններ Հայաստանի և տարածաշրջանի համար։

«Առաջիկա տարիներին մենք ակնկալում ենք խորացնել մեր երկու ժողովուրդների միջև գործընկերությունը։ Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին այս կարևոր համազգային տոնի կապակցությամբ», – ասված է ուղերձում։


 


Leave a comment