Անկախության 35 տարին. 12 բեկումնային պահ, որ փոխեցին Հայաստանը

Ներկայացնում ենք 12 առանցքային իրադարձություններ, որոնք բեկումնայ են դարձան անկախ Հայաստանի պատմության մեջ


ԵՐԵՎԱՆ, 21 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․ Այսօր Հայաստանը նշում է անկախության 35-ամյակը։ Այս տարիների ընթացքում երկիրը ստեղծել է սեփական պետական ինստիտուտները, բանակն ու ֆինանսական համակարգը, վերապրել է պատերազմներ, ծանր կորուստներ և քաղաքական ճգնաժամեր, փոխել է սահմանադրական մոդելը և սկսել վերանայել տասնամյակների ընթացքում ձևավորված անվտանգության ու արտաքին կապերի համակարգը։


«Նովոստի-Արմենիա» գործակալությունը ներկայացնում է 12 առանցքային իրադարձություններ, որոնք բեկումնային են դարձել անկախ Հայաստանի պատմության մեջ։


1991 — Անկախություն


1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ ԽՍՀՄ կազմից դուրս գալու հանրաքվե։ Անկախության օգտին քվեարկեց մասնակիցների 99.5%-ը՝ շուրջ 95% մասնակցության պայմաններում, իսկ արդեն սեպտեմբերի 23-ին Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։


1992 — Հայաստանը դառնում է ՄԱԿ-ի անդամ


1992 թվականի մարտի 2-ին Հայաստանն ընդունվեց Միավորված ազգերի կազմակերպություն։ Անկախությունը ստացավ միջազգային ինստիտուցիոնալ չափում. հանրապետությունը դարձավ համաշխարհային դիվանագիտության լիիրավ մասնակից և սեփական շահերը միջազգային գլխավոր հարթակում ներկայացնելու հնարավորություն ստացավ։


Նույն թվականին շարունակվում էր պետության առանցքային ինստիտուտների ձևավորումը։ Հունվարի 28-ին որոշում կայացվեց Պաշտպանության նախարարություն ստեղծելու մասին՝ սկիզբ դնելով Հայաստանի Զինված ուժերի ձևավորմանը, իսկ մայիսին հանրապետությունը ստորագրեց Հավաքական անվտանգության մասին Տաշքենդի պայմանագիրը։


1994 — Հաղթանակ և զինադադար


1994 թվականի մայիսի 12-ին ուժի մեջ մտան ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին համաձայնությունները։ Առաջին ղարաբաղյան պատերազմի ակտիվ փուլն ավարտվեց, իսկ դրանից հետո առաջացած ռազմաքաղաքական իրականությունը ավելի քան երկու տասնամյակ դարձավ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականությունը որոշող հիմնական գործոններից մեկը։


1995 — Սահմանադրություն


1995 թվականի հուլիսի 5-ին համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությունը։ Այն ամրագրեց պետական կարգի հիմնական սկզբունքները, իշխանության մարմինների համակարգը, քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները և դարձավ Երրորդ հանրապետության իրավական հիմքը։


Հաջորդող տասնամյակներում Մայր օրենքը բազմիցս փոփոխվեց։ Ամենամասշտաբային բարեփոխումն իրականացվեց 2015 թվականին, երբ Հայաստանը սկսեց անցումը կիսանախագահականից կառավարման խորհրդարանական մոդելին՝ էապես փոխելով լիազորությունների հավասարակշռությունը նախագահի, խորհրդարանի և կառավարության միջև։


1999 — Հոկտեմբերի 27


1999 թվականի հոկտեմբերի 27-ը սև ամսաթիվ է երկրի պատմության մեջ։ Զինված խումբը ներխուժեց Հայաստանի Ազգային ժողովի նիստերի դահլիճ։ Սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը և ևս վեց մարդ։


2001 — Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը և Հայաստանի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին


2001 թվականին Հայաստանը մասշտաբայնորեն նշեց քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելու 1700-ամյակը։ Հոբելյանական միջոցառումներ անցկացվեցին ինչպես անրապետությունում, այնպես էլ արտերկրի բազմաթիվ հայկական համայնքներում, իսկ Հայաստան այցելեցին արտասահմանյան պատվիրակություններ և քրիստոնեական եկեղեցիների ներկայացուցիչներ։


2001 թվականի հունվարի 25-ին Հայաստանը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ։ Կազմակերպությանն անդամակցությունը կարևոր փուլ դարձավ եվրոպական իրավական և քաղաքական տարածքին Հայաստանի ինտեգրման ճանապարհին և ենթադրում էր մի շարք պարտավորությունների ստանձնում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ոլորտում։


2008 — Մարտի 1-ի իրադարձությունները


2008 թվականի փետրվարի 19-ի նախագահական ընտրությունները հանգեցրին Երրորդ հանրապետության պատմության մեջ ամենասուր ներքաղաքական ճգնաժամերից մեկին։ Ընդդիմությունը՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, վիճարկեց քվեարկության պաշտոնական արդյունքները, որոնց համաձայն հաղթել էր Սերժ Սարգսյանը, և սկսեց զանգվածային բողոքի ակցիաներ։ Մարտի 1-ին Երևանում բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ուժայինների միջև։ Զոհվեց տասը մարդ։


2015 — Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը և սահմանադրական շրջադարձը


2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստանը դարձավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյակ տարելիցին նվիրված միջազգային միջոցառումների կենտրոնը։ Երևան ժամանեցին օտարերկրյա առաջնորդներ և բազմաթիվ պաշտոնական պատվիրակություններ, հիշատակի միջոցառումներ անցկացվեցին աշխարհի բազմաթիվ երկրներում։


Սակայն 2015 թվականը բեկումնային դարձավ Հայաստանի համար նաև ներքաղաքական առումով։ Դեկտեմբերի 6-ին հանրաքվեով հավանության արժանացան սահմանադրական փոփոխությունները, որոնք նախատեսում էին անցում կիսանախագահականից խորհրդարանական համակարգին։ Սերժ Սարգսյանի նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո հիմնական գործադիր լիազորություններն անցնում էին վարչապետին։


2018 — «Թավշյա հեղափոխություն»


2018 թվականի գարնանը նոր քաղաքական համակարգը գրեթե անմիջապես բախվեց մասշտաբային ճգնաժամի։ Նախագահական երկրորդ ժամկետի ավարտից հետո Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ, ինչը հարուցեց բողոքի զանգվածային ակցիաներ և քաղաքացիական անհնազանդություն՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։


Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց, իսկ մայիսի 8-ին Ազգային ժողովը Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Իշխանափոխությունը ստացավ «թավշյա հեղափոխություն» անվանումը։ Նույն թվականի դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքներով Փաշինյանի «Իմ քայլը» բլոկը ստացավ սահմանադրական մեծամասնություն՝ ավարտին հասցնելով իշխանափոխության ինստիտուցիոնալ ձևակերպումը։


2020 — Արցախյան 44-օրյա պատերազմ


2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Ադրբեջանի ԶՈւ-ի, Հայաստանի ԶՈւ-ի և Արցախի միջև մասշտաբային ռազմական գործողությունները հանգեցրին հազարավոր զոհերի հայկական կողմից և արմատապես փոխեցին իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ ու ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում։


Նոյեմբերի 10-ի գիշերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեցին ռազմական գործողությունների դադարեցման մասին եռակողմ հայտարարություն։ Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց ռուսական խաղաղապահ զորակազմը։ Պատերազմի արդյունքները սուր ներքաղաքական ճգնաժամ առաջացրին Հայաստանում և ելակետ դարձան անվտանգության հարցերում երկրի մոտեցումների հետագա վերանայման համար։


2023 —Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանումը


2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը ռազմական գործողություն սկսեց Լեռնային Ղարաբաղում, որին նախորդել էին Լաչինի միջանցքի բազմամսյա շրջափակումը և սուր հումանիտար ճգնաժամը։ Արդեն սեպտեմբերի 20-ին ԼՂՀ իշխանությունները համաձայնեցին կրակի դադարեցմանը, ներառյալ՝ իր զինված զորամիավորումների զինաթափմանը։


Դրանից հետո սկսվեց բնակչության զանգվածային բռնի տեղահանումը. ավելի քան 100 հազար արցախցիներ եկան Հայաստան, այսինքն՝ փաստացի ողջ հայ բնակչությունը լքեց Լեռնային Ղարաբաղը։ Հայաստանի համար սա դարձավ վերջին տասնամյակների խոշորագույն հումանիտար ցնցումը և միաժամանակ իրադարձություն, որը վերջնականապես փոխեց ղարաբաղյան հակամարտության շուրջ տասնամյակներ ի վեր գոյություն ունեցող իրականությունը։


2025–2026 — Վաշինգտոնյան համաձայնություններն ու արտաքին քաղաքական նոր կոնֆիգուրացիան


Անկախության 35-ամյակին Հայաստանը մոտեցավ իր արտաքին քաղաքականության և անվտանգության համակարգի խորը տրանսֆորմացիայի շրջանում։ Դեռևս 2024 թվականի փետրվարին երկրի իշխանությունները հայտարարեցին ՀԱՊԿ-ին մասնակցության փաստացի սառեցման մասին՝ զուգահեռաբար ընդլայնելով համագործակցությունը Եվրոպական միության, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Հնդկաստանի և այլ գործընկերների հետ։ 2025 թվականի մարտին խորհրդարանն ընդունեց «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելու գործընթացի սկզբի մասին» օրենքը, որն ինքնին ԵՄ-ին անդամակցության հայտ չէ։


Միաժամանակ նոր փուլ թևակոխեց հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը։ 2025 թվականի մարտի 13-ին Երևանն ու Բաքուն հայտարարեցին խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունների ավարտի մասին։ Նույն թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրեցին համատեղ հռչակագիր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, իսկ երկու երկրների ԱԳ նախարարները նախաստորագրեցին խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստը։


Անկախությունից դեպի ապագայի հարց


35 տարին չափազանց փոքր ժամկետ է պատմության համար, բայց բավարար, որպեսզի անկախությունն ընկալվի ոչ միայն որպես ամսաթիվ օրացույցում։


Այս տարիների ընթացքում Հայաստանը ստեղծեց սեփական բանակն ու ազգային արժույթը, դարձավ ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի անդամ, մտավ ԵԱՏՄ և ՀԱՊԿ, որին մասնակցությունը հետագայում փաստացի սառեցրեց, էապես փոխեց Սահմանադրությունը և անցավ կառավարման խորհրդարանական մոդելին։


Երկիրն վերապրեց պատերազմներ, քաղաքական ճգնաժամեր, հեղափոխություն, մարդկային ծանր կորուստներ և ավելի քան 100 հազար հայերի բռնի տեղահանում Լեռնային Ղարաբաղից։ Միաժամանակ փոխվում էին նրա հարաբերությունները Ռուսաստանի, Եվրոպական միության, ԱՄՆ-ի և հարևան պետությունների հետ, իսկ դրանց հետ մեկտեղ՝ պատկերացումներն այն մասին, թե ինչպես պետք է կառուցված լինի երկրի անվտանգության համակարգը։


Բայց 1991 թվականին գլխավոր հարցը հնչում էր առավել քան պարզ. կդառնա՞ արդյոք Հայաստանը անկախ պետություն։ Դրա պատասխանը տրվեց սեպտեմբերի 21-ի հանրաքվեում։


35 տարի անց հարցերն այլ են. ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի անվտանգության համակարգը, ինչպիսի՞ն են դառնալու հարաբերությունները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպե՞ս է փոխվելու հարաբերությունների հավասարակշռությունը Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի, Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ, և ի՞նչ տեղ է զբաղեցնելու երկիրը տարածաշրջանային նոր ճարտարապետությունում։


Եթե անկախության առաջին տարիները պետության ստեղծման ժամանակաշրջանն էին,ապա ներկայիս փուլը դառնում է նոր մոդելի որոնման ժամանակահատված։

Leave a comment