Ինչպես Ռուսաստանը 1992-93 թվականներին կանխեց թուրքական զորքերի ներխուժումը Հայաստան 

ՔՊ-ական իշխանությունը ջանք ու եռանդ չի խնայում վերահաս վտանգից առաջ հայ ժողովրդի զգոնությունը թմրեցնելու համար։ Այս անգամ թեման Ռուսաստանի անվտանգային գործոնն ու Թուրքիայի ագրեսիվ քաղաքականությունն է Հայաստանի նկատմամբ։ Թուրքիան նման քաղաքականություն վարում էր ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, և, հաշվի առնելով թուրքական արտաքին քաղաքականության ստրատեգիական բնույթը, կարող ենք համոզված լինելով փաստել, որ որոշակի տակտիկական մեղմացումները չեն փոխել Թուրքայի էքսպանսիոնիստական ու ագրեսիվ քաղաքականության բնույթը։

Իսկ ինչ է ասում ՔՊ-ի գեբելսյան պրոպագանդան՝ պատգամավորների ու բարձրաստիճան պաշտոնյաների բերանով․

-Թուրքիան առաջվա Թուրքիան չէ, նոր ժամանակներ են։ Ադրբեջանի հետ «խաղաղությունն» այն երաշխիքն է, որ թուրքական աշխարհը կհրաժարվի իր դարավոր նպատակներից, այն է՝ հայկական գործոնի վերացումը տարածաշրջանում։ 

-Հայաստանում տեղակայված ռազմաբազան որևէ նշանակություն չունի ռազմական տեսանկյունից՝ ուստի չի էլ կարող չեզոքացնել Թուրքիայից սպառնացող վտանգը։ 

-Ռուսաստանը նման վտանգի դեպքում չի միջամտելու, անգամ միջամտելու դեպքում որևէ էական ազդեցություն չի լինելու։ Որպես հիմնավորում նշում են Ջերմուկի պատերազմի ժամանակ ՀԱՊԿ-ի չմիջամտելու հանգամանքը։ Ու սա առանցքային նշանակություն ունի ՔՊ-ականների խոսույթում որպես վերոհիշյալի ապացուցողական փաստարկ։ 

Ինչ խոսք, պետք է խոստովանել, որ ՔՊ-ականները մոլորեցնող քարոզչության գործում վարպետներ են ու կարողացել են շատերին համոզել վերոհիշյալ մանիպուլյատիվ պնդումների ճշմարտացիությունը։

Սակայն ՔՊ-ական իշխանությունը մոռանում է մատնանշել ոչ վաղ անցյալում Ռուսաստանի կողմից Հայաստան ներխուժել պատրաստ Թուրքիային զսպելու առանցքային դրվագները։ Մեր պարտքն է հիշողության թարմացման միջոցով հայ ժողովրդին վերադարձնել վտանգի նկատմամբ զգոնությունը, ինչը կարող է կանխարգելել Հայաստանին սպասվող վերահաս աղետները։

Այսպես՝

Արցախյան առաջին պատերազմի տարիներին՝ 1992թ․-ին, երբ հայկական ուժերը Նախիջևանի ուղղությամբ թշնամուն զսպելու ռազմական օպերացիա էին իրականացնում, Թուրքիան առաջին լուրջ փորձն է անում Հայաստանի ուղղությամբ։

Մայիսի 19-ին Թուրքիայի կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանը «պատասխանատու կլինի հետևանքների համար», եթե չփոխի իր «ագրեսիվ վերաբերմունքը»։ Անկարայում նաև չէին բացառում ուժի կիրառումը՝ Նախիջևանը պաշտպանելու համար։

Նույն ժամանակ Թուրքիայի 3-րդ դաշտային բանակն ուժեղացվում է հայ-թուրքական սահմանին։ Ժամանակի աղբյուրները հաղորդում են, որ Թուրքիան զորքեր էր կենտրոնացնում սահմանին, իսկ թուրքական ցամաքային զորքերի հրամանատար Մուհիթթին Ֆիսունօղլուն հայտարարել էր, որ անհրաժեշտ նախապատրաստությունները կատարված են, և բանակը սպասում է առաջխաղացման հրամանի։

Մայիսի 20-ին ԱՊՀ միացյալ զինված ուժերի գլխավոր հրամանատար, մարշալ Եվգենի Շապոշնիկովը շտապ ժամանում է Երևան և օդանավակայանում հայտարարում, որ եթե հակամարտությանը (նկատի ունի հայ-ադրբեջանական հակամարտությունը) միանա ևս մեկ կողմ, իրավիճակը կարող է հասնել «Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին»։

Զուգահեռ Ռուսաստանի դեսպան Թուրքիայում Ալբերտ Չեռնիշևը հայտարարում է, որ 1921 թ. Կարսի պայմանագիրը ոչ Թուրքիային, ոչ Ռուսաստանին ռազմական միջամտության իրավունք չի տալիս։

Մոսկվայի ուղերձը, ըստ էության, հետևյալն էր՝ Թուրքիայի ռազմական գործողությունները Հայաստանի դեմ այլևս միայն հայ-ադրբեջանական հակամարտություն չի լինելու։ Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից ռազմական գործողությունների սանձազերծումը կնշանակեր Ռուսաստանի ներգրավվածություն։

Ռուսաստանի այս դիրքորոշումն ազդում է Թուրքիայի ղեկավարության  որոշումների վրա և Անկարան չի անցնում Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողության։

Հայ-թուրքական հարաբերությունների սրացման հաջորդ դրսևորումը տեղի է ունենում 1993 թվականի գարնանը, երբ հայկական զինված ուժերը գրավում են Քարվաճառը(Քելբաջար): Թուրքիայում կրկնին գլուխ են բարձրացնում ռազմատենչ տրամադրություններն ու կրկին մեծանում է ռազմական միջամտության պահանջը։

Նույն թվականի ապրիլին Թուրքիան սահմանային ուժերը բերում է բարձր պատրաստության, իսկ թուրք քաղաքական գործիչները պահանջում էին կոշտ քայլեր ձեռնարկել Հայաստանի դեմ։

Գերլարված իրավիճակում կրկին միջամտում է Ռուսաստանը։ 1993 թ․-ի մայիսին Ռուսաստանի պաշտպանության նախարար Պավել Գրաչովը ՌԴ նախագահ Բորիս Ելցինի հանձնարարությամբ անակնկալ մեկօրյա այցով մեկնում է Անկարա։

Ռուսական աղբյուրների հետագա նկարագրությամբ՝ Գրաչովը թուրքական ղեկավարությանը ներկայացնում է Մոսկվայի դիրքորոշումը բավական կոշտ ձևով։ Դրանից հետո Թուրքիան կրկին հրաժարվում է ռազմական ներխուժման տարբերակից և անցնում  հիմնականում դիվանագիտական ու տնտեսական ճնշման։ Այդ ժամանակ էլ դադարեցվում են Գյումրի-Կարս երկաթգծի աշխատանքները։  Այդ շրջանում Ռուսաստանը նաև արդեն Հայաստանի սահմաններին ուներ ռազմական ներկայություն։ 1992-ի սեպտեմբերի 30-ի ռուս-հայկական պայմանավորվածություններով ռուսական սահմանապահ զորքերը մասնակցում էին Թուրքիայի և Իրանի հետ Հայաստանի սահմանների պաշտպանությանը։ Հայ-թուրքական սահմանին ամենավտանգավոր սրացումը տեղի է ունենում 1993 թ․-ի աշնանը, երբ հայկական զորքերը հաջողությամբ պատժիչ գործողություններ էին իրականացնում Ադրբեջանի նկատմամբ։

Թուրքիայում վարչապետ դարձած Թանսու Չիլլերը սկսում է շատ կոշտ հայտարարություններ անել։

Սեպտեմբերի սկզբին թուրքական զորքերի խոշոր ստորաբաժանումներ մոտենում են Հայաստանի սահմանին։ Թուրքիան 3-րդ բանակի ստորաբաժանումները կենտրոնացրել էր սահմանային շրջանում, իսկ թուրքական պաշտոնյաները հայտարարում էին, որ Անկարան չի կարող անվերջ «հետևել» Հայաստանի գործողություններին։

Չիլլերը սեպտեմբերի 6-ին Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հեռախոսազրույցում կրկին սպառնացել էր, որ Թուրքիան «ձեռքերը ծալած չի նստելու»։

Սեպտեմբերի 13-ին թուրքական ռազմական ինքնաթիռը հետախուզական թռիչքներ են կատարում Հայաստանի սահմանով՝ Արմավիրի ուղղությամբ, և Հայաստանի ուղղությամբ կրակոցներ նույնպես արձանագրվում են։

Ամերիկյան մամուլը ևս արձանագրում էր, որ Թուրքիան զորքեր է կենտրոնացրել Հայաստանի սահմանին, և ռազմական միջամտությունը չի բացառում։ Թուրքիայի արտգործնախարար Հիքմեթ Չեթինը նույնիսկ ասել էր, որ սխալ է կարծել, թե Թուրքիան ընդհանրապես չի միջամտի։

1993-ի սեպտեմբերին Հայաստանում մտավախություն կար, որ Ռուսաստանում Ելցին–Խասբուլատով հակամարտության պատճառով ռուսական զորքերը կարող են դուրս բերվել Հայաստանից։ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը այս հարցով խոսակցություններ է ունենում ՌԴ պաշտպանության նախարար Պավել Գրաչովի հետ։ Գրաչովը նրան բազմիցս հավաստիացնում է, որ Ռուսաստանի զորքերը Հայաստանի թուրքական սահմանից չեն հեռացվելու։

Այսինքն՝ այդ պահին Ռուսաստանի կողմից ամենակարևոր կանխարգելիչ քայլերից մեկը ոչ թե պարզապես հայտարարությունն էր, այլ՝ ռուսական ռազմական ներկայության պահպանումը հենց հայ-թուրքական սահմանին։ Դրա նշանակությունը շատ մեծ էր․ Թուրքիայի համար ցանկացած ներխուժում արդեն կարող էր նշանակել ոչ միայն Հայաստանի բանակի, այլև տեղում գտնվող ռուսական ուժերի հետ առճակատման վտանգ։

1993-ի հոկտեմբերի սկզբին Ռուսաստանում տեղի է ունենում Ելցին–Խասբուլատով ծանր ճգնաժամը։ Հայկական իշխանությունները լրջորեն անհանգստանում էին, որ եթե Մոսկվան զբաղվի ներքին բախումներով և ռուսական զորքերը դուրս բերվեն Հայաստանից, ապա Թուրքիան կարող է օգտագործել այդ պահը։

Հունաստանի դեսպան Լեոնիդաս Քրիզանթոպուլոսն իր հուշերում  նույնիսկ նշում է, որ թուրքական կողմը կապ էր հաստատել Ռուսաստանի Գերագույն խորհրդի նախագահ Ռուսլան Խասբուլատովի հետ և քննարկվել էր ռուսական զորքերի դուրսբերման հնարավորությունը՝ Թուրքիայի՝ Հայաստան սահմանափակ ներխուժման համար պայմաններ ստեղծելու համատեքստում։

Հայաստանի այն ժամանակվա ղեկավարությունը թուրքական ներխուժման վտանգն իրական էր համարում։ Հայաստանի Ազգային անվտանգության նախկին ղեկավար Էդվարդ Սիմոնյանցը հետագայում ասել է, որ տեղեկություններ կային հնարավոր թուրքական ներխուժման մասին, իսկ թուրքական բանակի ստորաբաժանումները իսկապես վերադասավորվել էին Հայաստանի սահմանին՝ անձնակազմով, տեխնիկայով և սպառազինությամբ ուժեղացված վիճակում։ Երբ Ռուսաստանում իշխանության ճգնաժամը ավարտվեց, թուրքական զորքերը հետ քաշվեցին սահմանից։

Ռուսաստանում քաղաքական ու իշխանական ճգնաժամի էսկալացիայի դեպքում առավել քան հավանական էր, որ թուրքական զորքերը կներխուժեին Հայաստան՝ դրանից բխող հետևանքներով։

1992-93 թվականներին Ռուսաստանը առնվազն 3 անգամ կանխել ու չեզոքացրել է Թուրքիայի կողմից Հայաստան ներխուժելու վտանգը։ Հիմա, երբ խոսվում է Ռուսաստանի հետ անվտանգային կապերը խզելու, 102-րդ ռուսական ռազմաբազան Հայաստանից դուրս բերելու մասին, պետք է մեկ հարց տալ այդ արկածախնդիր գաղափարների հեղինակներին՝ արդյո՞ք իրենք կարող են երաշխավորել, որ Թուրքիան տեսանելի ապագայում որևէ պատրվակով չի ներխուժի Հայաստան։ Այն, որ էրդողանական Թուրքիան էքսպանսիոնիստական քաղաքականություն է վարում, որևէ մեկի համար գաղտնիք չէ։ Նա ոչ միայն տնտեսական, մշակութային գործիքակազմով է իր ազդեցությունը տարածում հարևան պետություններում, անգամ հեռավոր տարածաշրջաններում, այլ չի խորշում ռազմական միջամտությունից։ Սիրիա ու Իրաք ներխուժումը դրա վառ օրինակներն են։ Իսկ միայնակ ու առանց դաշնակից մնացած Հայաստանը կկարողանա՞ դիմագրավել թուրքական վտանգին՝ միանշանակ ոչ։ Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանի հետ երևակայական խաղաղության մասին հայտարարություններով ուղղակի բթացնում է հայ ժողովրդի զգոնությունը՝ նրան կանգնեցնելով նոր գոյաբանական վտանգների առջև։ Ռուսաստանի հետ տնտեսական ու անվտանգային հարաբերությունների ապամոնտաժման կողմնակիցները անմիջական պատասխանատվություն են կրում այն արյունալի հետևանքների համար, որոնք կարող են առաջանալ Հարավային Կովկասում ուժերի հարաբերակցության խախտման հետևանքով։

Իսկ եթե մտածում եք, թե Հայաստանը հրաժարվել է 1990-ականների ամբիցիաներից, ուստի Թուրքիան ու Ադրբեջանը որևէ պատճառ չունեն այլևս Հայաստանին ագրեսիայի ենթարկելու, ապա ձեզ մի հարց տվեք․ ինչո՞ւ արցախյան ճակատում խորը ու համապարփակ պարտվելուց, Արցախի կործանումից, բոլոր աշխարհաքաղաքական ամբիցիաներից հրաժարվելուց հետո անգամ Ադրբեջանը շարունակում է անվերջ պահանջներ ներկայացնել Հայաստանին։ Իսկ ինչի՞ կարող է հանգեցնել Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից Հայաստանին առաջադրված խայտառակ ու ստորացուցիչ պահանջների բավարարումը։

Դերենիկ ՄԱԼԽԱՍՅԱՆ

ՔԱՂԱՔԱԳԵՏ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment