Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Հայաստանի սահմանամերձ Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում վերազինում ու բուժսարքավորումներով է հագեցնում մի շարք բուժհաստատությունների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները, ինչպես նաեւ գյուղական բուժկետերը։ Նպատակն է՝ որակյալ բուժսպասարկումը հասանելի դարձնել մարզային բնակչությանը, ինչպես նաեւ պատրաստ լինել արտակարգ իրավիճակների, այդ թվում՝ պատերազմների ժամանակ բուժօգնության մատուցմանը։
Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի բուժկետի արդիականացման կարիքը զգացվեց հատկապես 2022 թվականին, երբ Վայոց ձորի ուղղությամբ նույնպես Ադրբեջանը հարձակում սկսեց։ Թեեւ այդ օրերին Խաչիկում իրավիճակը հանգիստ էր, բայց հետագա սցենարներին պատրաստ լինելու համար որոշեցին արդիականացնել բուժկետը։ Խաչիկի բուժկետի բուժակ Վահե Ներսիսյանի խոսքով՝ բուժկետի շենքը կառուցվել է ԽՍՀՄ տարիներին, մոտ 20-25 տարի կապիտալ վերանորոգման չէր ենթարկվել։ ԿԽՄԿ աջակցության այն վերանորոգվել ու վերազինվել է 2023 թվականին։
«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներն այցելեցին, քննարկեցինք խնդիրները եւ որոշեցինք տեղանքին համապատասխան լուծում տակ։ Մեր գյուղը բավականին մեծ հեռավորության վրա է գտնվում մոտակա բժշկական կենտրոններից։ Եվ միտք առաջացավ, որպեսզի բուժկետը վերազինվի, ստեղծվեն այն բոլոր պայմանները, որ աղետների դեպքում, պատարեզմական իրավիճակում, նաեւ խաղաղ պայմաններում ավելի որակյալ բուժսապասարկում մատուցվի թե բնակչությանը, թե գյուղի տարածքում գտնվող զորամասի զինվորականներին»,- ասաց Վահե Ներսիսյանը։
Խաչիկի բուժկետում ստեղծված են բոլոր պայմանները, որպեսզի անհետաձգելի բուժսպասարկումը լիարժեք մատուցվի։ Դեղորայքով ու բուժպարագաներով հագեցվածությունն ապահովված է։ Այս ծառայության կարիքը Խաչիկում շատ կա, քանի որ Եղեգնաձորից Խաչիկ շտապ օգնության մեքենան հասնում է մոտ մեկ ժամում։ «Եվ այդ մեկ ժամը կարեւոր է, որպեսզի հիվանդին կայուն վիճակում պահենք, վիճակի վատացում թույլ չտանք, մինչեւ շտապ օգնությունը կհասնի»,- ասաց նա։
Վահե Ներսիսյանի խոսքով՝ նախքան վերանորոգումն էլ բուժկետը ակտիվ գործել է, դիմելիությունը հանրապետական ցուցանիշներին մոտ է։
«2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ մեզ մոտ՝ որպես սահմանամերձ գոտի, ուժեղացվել էր ծառայությունը, պահեստազորի եւ երկրապահի ուժերն էին կենտրոնացվել։ Եվ պահանջ կար ամբողջ զորքի բուժսպասարկումը լիարժեք իրականացնել։ Մենք համատեղեցինք մեր ուժերը եւ լիարժեք բուժսպասարկում իրականացրեցինք։ Իհարկե, 2020 թվականին ռազմական գործողություններ չեղան մեզ մոտ, բայց այդքան մարդկանց բուժսպասարկումը պետք էր իրականացնել»,- հավելեց նա։
ԿԽՄԿ աջակցությամբ վերազինվել է նաեւԿապանի բժշկական կենտրոնը, մասնավորապես, շտապ բուժօգնության բաժանմունքը համալրվել է նոր սարքավորումներով, վերանորոգվել է վիրահատարանը, վերապատրաստվել է բուժանձնակազմը։ Կապանի ԲԿ տնօրեն Արսեն Բաբայանի խոսքով՝ ԿԽՄԿ հետ համագործակցությունը բավականին արդյունավետ է եղել բժշկական կենտրոնի համար։ Նոր վիրահատարանը, որը նկուղային հարկում է, ապաստարանի մոդելով է կառուցված, եւ, Արսեն Բաբայանի խոսքով, հնարավորություն կտա պատերազմական իրավիճակում առավել անվտանգ վիրահատական միջամտություններ իրականացնել։
«Կատարվել են ներդրումներ, որոնք նպաստել են եւ բժշկական կենտրոնի ֆինանսատնտեսական իրավիճակի բարելավմանը, եւ բուժծառայությունների որակի բարձրացմանը։ ԿԽՄԿ աջակցությամբ իրականացվել է նաեւ արեւային պանելների տեղադրման ծրագիրը, որը նվազեցրել է բուժհիմնարկի ծախսը»,- լրագրողներին ասաց Արսեն Բաբայանը։
Կապանի ԲԿ-ն ձեռք է բերել նաեւ մամոգրաֆիկ սարքավորում, որը հնարավորություն կտա իրականացնել սահմանամերձ բնակավայրերում վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի քաղցկեղը։
Կապանի ԲԿ-ն բազմապրոֆիլ բուժհիմնարկ է, Արսեն Բաբայանի խոսքով՝ գործում են տաբեր բաժանմունքներ, բայց, ինչպես մյուս մարզային բուժհիմնարկներում, այստեղ եւս կա նեղ մասնագետների պակաս։ Պետական ծրագրերով փորձում են լուծել այդ հարցը։
Անդրադառնալով հարցին, թե որ հիվանդություններն են առավել տարածված Սյունիքում՝ մասնագետն ասաց․ «Ինչպես միջազգային պրակտիկան է ցույց տալիս, այնպես էլ մեր քաղաքում առաջին տեղում սիրտ-անոթային հիվանդություններն են, երկրորդ տեղում՝ օնկոլոգիական հիվանդությունները»։
Կապանի դիահերձարանն էլ ԿԽՄԿ աջակցությամբ ստացել է 48 տեղանոց սառնարան։ Կապան-Մեղրի միջտարածքային դատաբժիշկ-փորձագետ Իշխան Սիմոնյանի խոսքով՝ 2020 թվականից հետո համագործակցել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ։ «Մեզ տրամադրել են 48 տեղանոց սառնարանը, որ պատրաստ լինենք ցանկացած սցենարի։ Տրամադրել են նաեւ համապատասխան գեներատորը, որպեսզի հոսանքի անջատումների դեպքում սառնարանը լիարժեք գործի։ Տրամադրել են դիահերձման նոր սեղաններ, պարկեր, գործիքներ, մեր պայմանները բավականին բարելավվել են»,- ասաց Իշխան Սիմոնյանը։ Ներկայում դիահերձարանի շենքային պայմաններն անմխիթար են, նախատեսվում է կառուցել նոր շենք։
Արցախի հետ սահմանամերձ Կոռնիձոր գյուղում ԿԽՄԿ-ն 2025 թվականին հիմնել է բուժակ-մանկաբարձական կետ՝ հագեցնելով այն համապատասխան պարագաներով ու դեղորայքով։ Կոռնիձորի բուժակ-մանկաբարձական կետի ընտանեկան բժիշկ Սիլվա Դանիելյանի խոսքով՝ նախքան նոր շենքի կառուցումը աշխատում էին հին շենքային պայմաններում։ Հիմա սահմանամերձ այս գյուղում փորձում են զարգացնել բուժսպասարկումը․ ամսական երկու անգամ Կոռնիձոր է այցելում թերապեւտը, մեկ անգամ՝ մանկաբույժը՝ համապատասխան բուժզննումներն իրականացնելու։ Ամսական մեկ-երկու անգամ Կոռնիձոր է այցելում նաեւ սրտաբանը՝ իրականացնելով նաեւ գործիքային հետազոտություններ։ «Բնակչության դիմելիությունը ավելացել է, ինչքան շատ մասնագետներ են այցելում գյուղ, այնքան դիմող բնակչության թիվն ավելանում է»,- ասաց Սիլվա Դանիելյանը։
Վայոց ձորի բժշկական կենտրոնի կիսանկուղային հարկում արտակարգ իրավիճակների համար բաժանմունք է վերակառուցվել։ ԲԿ տնտեսական գծով փոխտնօրեն Արմեն Մաթեւոսյանի խոսքով՝ այստեղ կառուցվել է նաեւ առանձին մուտք, թեքահարթակ, որպեսզի արտակարգ իրավիճակների դեպքում, եթե հոսանքի անջատումներ լինեն, վերելակները չգործեն, հնարավոր լինի իրականացնել հիվանդների տեղափոխումը։ Առաջիկայում բաժանմունքը կվերազինվի անհրաժեշտ բուժսարքավորումներով։
ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին Սյունիքի եւ Վայոց ձորի մարզեր այցելած լրագրողների հետ զրույցում ասաց, որ անհետաձգելի բուժօգնության ուղղությամբ ԿԽՄԿ ծրագրերը վերջին 3-4 տարիների ընթացքում ուղղակիորեն կապված են 2022 թվականի հակամարտության սրացման հետեւանքների հետ։
«Մենք մեր ծրագրերի իրականացման ընթացքում հասկացանք, որ կարիք կա սահմանային շրջաններում ունենալ անհետաձգելի բուժօգնության բաժանմունքներ, քանի որ թե հակամարտության սրացման պարագայում եւ թե այլ պատահարների, արտակարգ իրավիճակների դեպքում խոսքը գնում է մարդկային կյանքերը փրկելու մասին։ Իսկ այս պարագայում յուրաքանչյուր րոպեն շատ կարեւոր է։ Նախքան ծրագրի մեկնարկը, բնականաբար, դրա պակասը շատ էր զգացվում։ Որեւէ վիրավոր զինվորի կամ քաղաքացիական անձի այս բնակավայրերից Երեւան տեղափոխելը ժամանակի կորուստ կարող է ունենալ՝ իր հետեւանքներով»,- ասաց Զառա Ամատունին։
ԿԽՄԿ-ն Վայոց ձորի, Գեղարքունիքի եւ Սյունիքի մարզերում արդեն գործող մի շարք բուժհաստատությունների անհետաձգելի բուժօգնության բաժանմունքները վերազինել է։ Այդ թվում են Վայքի, Ջերմուկի, Կապանի, Վարդենիսի բժշկական կենտրոնները։ Նաեւ վերապատրաստել են բուժանձնակազմերին, որպեսզի նորագույն սարքավորումներին տիրապետելու գիտելիքներ լինեն։
«Միեւնույն ժամանակ մենք նաեւ ուսումնասիրել ենք գյուղական համայնքներում նման բուժսպասարկման ծառայությունների պակասի հարցը եւ մի շարք գյուղական համայնքներում եւս տեղական իշխանությունների հետ միասն աջակցել ենք՝ հիմնելու բուժկետեր։ Հիմնականում բուժակ-մանկաբարձական կետեր են ստեղծվել»,- նշեց Զառա Ամատունին։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: