«Եկեք խնդրենք Հանրային հեռուստատեսությանը՝ էդ հնամաշ հոլովակն ի վերջո պետք է փոխել։ Ինչքա՞ն կարելի է, ես ինչքան հիշում եմ՝ էդ մի հոլովակն է։ Այսինքն՝ մեր պետությունը կամ հեռուստատեսությունները գումար չունե՞ն երկու տարին մեկ թարմացնեն պետական օրհներգի հոլովակը։ Սա վերաբերմունք է, չէ՞, ոնց որ մենք նույն շորերով ման գանք, կանե՞նք։ Բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը, ասում ենք՝ հա դե լավ է, էլի, ինչ է եղել, մեկ ա ժամը 12-ին ոչ նայող կա, ոչ լսող կա, առավել եւս ոչ էլ ոտքի կանգնող կա»,- կառավարության այսօրվա նիստում ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա հարցեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին․ «Դրված էր, չէ՞, խնդիր, որ պետք է հոլովակներ նկարահանենք, լուծե՞լ եք էդ հարցը»։
Ժաննա Անդրեասյանն ասաց, որ նման խնդիր դրված է․ «Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում այդ հոլովակն արդեն պատրաստ կլինի եւ կսկսի կիրառվել, որովհետեւ սցենարային առաջարկը կա»։
ԿԳՄՍ նախարարը նաեւ ասաց․ «Ես կուզենայի եւս մեկ անգամ իրազեկել մեր քաղաքացինեին եւ այն կառույցներին, որոնք պարտավոր են օգտագործել օրհներգի ճիշտ տարբերակը, ինչպե՞ս գտնել։ Կառավարության կայքում կա Հայաստանի մասին բաժին, Հայաստանի մասին բաժնի ներքո ընդհանուր տեղեկություններ են, որետեղ ներկայացվում են պետական խորհրդանիշները։ Եվ շատ հեշտ մեկ-երկու գործողությամբ կարող են կառավարության կայքից վերցնել եւ օգտագործել։ Հասանելի է ձայնագրության 6 տարբերակ»։
Նիկոլ Փաշինյանն էլ հավելեց․ «Կներեք, ովքեր չուզենան օգտագործել օրհներգի ճիշտ տարբերակը, դրան պետք է հետեւի պատասխանատվություն»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: