Նիդերլանդների Հաագա քաղաքում «Մենք՝ ժողովուրդն ենք» (Wij zijn het volk) աջակողմյան կազմակերպության նախաձեռնած ցույցի ընթացքում բախումներ են տեղի ունեցել իրավապահ մարմինների և ակտիվիստների միջև։ Ոստիկանությունը ձերբակալել է 24 մասնակցի՝ արտակարգ կարգադրությունները չկատարելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքներով։
Իրավապահները որոշում են կայացրել արգելափակել քաղաքում նախատեսված երթը՝ հասարակական կարգի խախտման, դեմքը ծածկող հագուստ կրելու և ոստիկանության նկատմամբ բռնության դեպքերի պատճառով։ Ցույցի որոշ մասնակիցներ հրավառանյութեր, փայտեր և ծխարձակող ռումբեր են նետել ոստիկանների ուղղությամբ։ Իրավիճակը կարգավորելու և ցուցարարներին Մալիվելդ պարկի տարածքից հեռացնելու համար կիրառվել են ջրանետներ։
Քաղաքապետի տեղակալ Դե Մոսը նշել է, որ ոստիկանների հանդեպ դրսևորված բռնության պատճառով սկզբում չեղարկվել է երթը, իսկ անկարգությունների շարունակման պայմաններում անհրաժեշտություն է առաջացել միջամտել և դադարեցնել ակցիան։
Նիդերլանդների վարչապետ Ռոբ Ետենը հայտարարել է, որ ոստիկանության դեմ կիրառվել է անթույլատրելի ուժ, ինչպես նաև հնչել են ծայրահեղական ու հակասեմական կարգախոսներ։ Նա ընդգծել է, որ իշխանությունները հետևողական են իրավունքի գերակայության պահպանման հարցում և թույլ չեն տա չարաշահել հավաքների ազատության իրավունքը։
Զուգահեռաբար, աջակողմյան շարժումների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվել նաև Գերմանիայի մի շարք քաղաքներում, այդ թվում՝ Դրեզդենում, Դյուսելդորֆում, Համբուրգում, Բերլինում և Մյունխենում։