Մոլդովայի Հանրապետությունը, որը 2022 թվականից հանդիսանում է Եվրոպական միությանը անդամակցության թեկնածու երկիր, նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններում վերահաստատեց իր եվրոպական կուրսը, երբ նախագահ Մայա Սանդուի «Գործողություն եւ համերաշխություն» (PAS) կուսակցությունը վճռորոշ հաղթանակ տարավ՝ ստանալով ձայների ավելի քան 50%-ը եւ այդպիսով ապահովելով մեծամասնություն խորհրդարանում։
Այնուամենայնիվ, երկիրը շարունակում է բաժանված մնալ եվրոպական հեռանկարի եւ Ռուսաստանի ազդեցության միջեւ, ընդ որում՝ PAS-ի օգտին չքվեարկած ընտրողների գրեթե կեսն իր ձայնը տվել է նախկին նախագահ Իգոր Դոդոնի գլխավորած ռուսամետ ուժի՝ «Հայրենասիրական դաշինքի» օգտին։
Յաշն ավելի մոտ է, քան Քիշնեւը
Սակայն ԵՄ-ին ավելի մոտ՝ Ռումինիայի հետ սահմանին ապրող մոլդովացիների համար Ռուսաստանը շատ հեռու է՝ ոչ միայն քարտեզի, այլեւ հատկապես առօրյա կյանքի առումով։
Ունգենիի շրջանի Զագարանչա համայնքը գտնվում է Ռումինիայի Յաշ քաղաքից ընդամենը 40 կիլոմետր հեռավորության վրա: Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւը շատ ավելի հեռու է՝ ավելի քան 120 կիլոմետր հեռավորության վրա:
Համայնքն ընդգրկում է երեք գյուղ՝ Զագարանչա, Սեմենի եւ Ելիզավետովկա՝ ընդհանուր 2905 բնակչությամբ։
Համայնքում իրականացվել են ներդրումներ ազգային մի շարք ծրագրերի շրջանակում, ինչպիսիք են՝ ԵՄ միջոցներով ֆինանսավորված «Եվրոպական գյուղ» ծրագիրը, Շրջակա միջավայրի ազգային հիմնադրամը եւ «Եվրոպան տանն է» ծրագիրը: Տեղական իշխանությունների տվյալներով, 2021-2025 թվականներին համայնքում ԵՄ ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է մոտավորապես 16 միլիոն մոլդովական լեյ, որը համարժեք է ավելի քան 810 000 եվրոյի:
Ռումինիան՝ որպես գնումների ուղղություն
Մենք զրուցեցինք Զագարանչայից երկու ընտանիքների հետ, որպեսզի պարզենք, թե ինչպես են ապրում Եվրոպական միության հետ սահմանին ապրող մոլդովացիները։
Վիտալի Սկրիպկարուն 30 տարի աշխատել է որպես երաժշտության ուսուցիչ, իսկ վերջին տարիներին ղեկավարում է Զագարանչայի Մշակույթի կենտրոնը։ Նա դասավանդում է ոչ միայն երեխաներին, այլեւ միջոցառումներ է կազմակերպում տարեցների համար։
Վիտալիեն ապրում է իր մեծ ընտանիքի՝ կնոջ, դստեր, փեսայի եւ երկու թոռների հետ, որոնց նա շատ է սիրում։
Այս ընտանիքին հանդիպեցինք դեկտեմբերի վերջին՝ կիրակի օրը։ Մինչեւ թոռնիկները կգային, Վիտալիի կինը՝ Անժելան, մաքրում էր բակը, իսկ ինքը՝ Վիտալին պատրաստում էր վառելափայտ՝ վառարանը վառելու համար։ Երբ թեյը պատրաստ էր, սիրելի քաղցրավենիքներն էլ սեղանին էին, Սկրիպկարու ընտանիքը հավաքվեց եւ կազմեց գալիք հանգստյան օրերի ծրագիրը։
Նրանք վերջերս են հեռուստացույց գնել, բայց մեկն էլ են ուզում։ Սովորաբար նման գնումները կատարում են Ռումինիայում։
«Ես Յաշ ավելի հեշտությամբ եմ հասնում, քան Կալարաշից որեւէ մեկը, քանի որ Ունգենին Պրուտի ափին է։ Ես հեռուստացույց գնեցի Ռումինիայից՝ Յաշից, քանի որ այնտեղ գինն ավելի հարմար է, ԱԱՀ-ն էլ վերադարձվում է. դուք որոշակի գումար հետ եք ստանում»,- բացատրում է Վիտալի Սկրիպկարուն։
«Tax Free» համակարգը ԵՄ-ում չբնակվող քաղաքացիներին թույլ է տալիս հետ ստանալ Ռումինիայում, ինչպես նաեւ ԵՄ այլ երկրներում գնված ապրանքների ԱԱՀ արժեքը եւ տանել այն տուն։ Համակարգը չի տարածվում ծառայությունների ոլորտի վրա, իսկ ապրանքները (առնվազն 175 եվրո արժողությամբ՝ ներառյալ ԱԱՀ-ն) պետք է գնված լինեն «Tax Free» լոգոտիպով խանութներից։
Ռումինիայի կողմից կառուցվող ավտոմայրուղին
Յաշը մոտ է գտնվում, բայց շուտով այն ավելի մոտ կլինի, քանի որ Ռումինիան ԵՄ SAFE ծրագրի միջոցներով կառուցում է Unirii А8 ավտոմայրուղու վերջին 15.5 կմ հատվածը, որը Ռումինիայի Տիրգու Նյամց եւ Յաշ բնակավայրերը կապում է սահմանի մյուս կողմում գտնվող Ունգենիի հետ։
Ավտոմայրուղու կառուցման շրջանակում սահմանին՝ Պրուտ գետի վրայով կանցկացվի կամուրջ, որը Զագարանչան կկապի Յաշի շրջանի Գոլեեշտի համայնքի հետ։
Նոր կամուրջը յուրաքանչյուր ուղղությամբ կունենա երկուական գոտի եւ հետիոտների համար նախատեսված մայթեր։ Դրա երկարությունը կկազմի ավելի քան 260 մետր, իսկ սկզբնական լայնությունը՝ 13 մետր։ Հետագայում կամուրջը կլայնացվի մինչեւ 25 մետր։
Պրուտի երկու ափերին կկառուցվեն մեկ կիլոմետր երկարությամբ միացնող ճանապարհներ։ Նախատեսվում է, որ Պրուտի վրայով նոր կամուրջը պատրաստ կլինի 2026 թվականի աշնանը։
Ծրագրի արժեքը 30 միլիոն եվրո է, որից 16.4 միլիոնը հատկացրել է Եվրոպական միությունը։
«Համեմատության համար՝ հիմա մենք ստիպված ենք անցնել Սկուլենիով, ինչը տեւում է 30 րոպե։ Այնուհետեւ մեկ-երկու ժամ անցկացնում ենք մաքսատանը՝ կախված հոսքից, ամսից եւ օրվանից, բայց երբ կամուրջը պատրաստ լինի, կկարողանանք Յաշի կենտրոն հասնել 20 րոպեում»,- ավելացնում է Վիտալին։
Մոլդովացիներն աշխատում են ինչպես Եվրոպայում, այնպես էլ Ռուսաստանում
Վիտալին կարծում է, որ, եթե Մոլդովան միանա ԵՄ-ին, ավելի լավ կյանքի փնտրտուքներով արտերկրում հայտնված բազմաթիվ քաղաքացիներ կվերադառնան հայրենիք՝ ավելի լավ ապագա կառուցելու համար։ 2004 թվականի մարդահամարի տվյալներով՝ Զագարանչա համայնքում բնակվում էր 3300 մարդ, ներկայումս այնտեղ մնացել է 2900-ից մի փոքր ավելի բնակչություն։
«Եթե նայենք մեր շուրջը, շատերը մեկնել են արտերկիր՝ Եվրոպա։ Կան նաեւ ինչ-որ կերպ իրենց ապրուստը վաստակելու համար Ռուսաստան մեկնածներ։ Անկախությունից հետո մեր երկրում ապրելն այնքան էլ հեշտ չի եղել»,- ասում է Վիտալին, բայց նաեւ հավելում, որ վերջին տարիներին իր ընտանիքը զգացել է եվրոպական ներդրումների առավելությունները։
Նրա դուստրը՝ Քրիստինան, ասում է, որ երեխայի խնամքի արձակուրդ գնալուց առաջ աշխատել է համայնքապետարանում՝ եվրոպական միջոցներով ֆինանսավորվող մի նախագծում։ «Մենք երբեք չենք մտածել հեռանալու մասին. ուզում ենք ապրել ու աշխատել գյուղում եւ մեր երեխաներին այստեղ մեծացնել»,- ասում է նա։
«Իմ ապագան այստեղ է՝ տանը»
Սկրիպկարու ընտանիքին հյուրընկալվելուց հետո այցելում ենք նույն համայնքի մեկ այլ գյուղ՝ Սեմենի։ Այստեղ մեզ սպասում է Ցիմպոեշ ընտանիքը՝ Մարիան եւ նրա երկու երեխաները՝ Ռաֆայելն ու Տատյանան։
Օրը կիրակի է եւ գրեթե ամբողջ ընտանիքը տանն է. միայն ավագ որդին է Քիշնեւում, որտեղ բժշկություն է սովորում։
Մարիան արդեն 18 տարի որպես բուժքույր է աշխատում Ունգենիի շրջանային հիվանդանոցում՝ նույն քաղաքի բժշկական քոլեջն ավարտելուց հետո։ «Ես սիրում եմ իմ մասնագիտությունը։ Դրանով զբաղվում եմ նվիրումով եւ տառապող ցանկացած մարդու հանդեպ կարեկցանքով»,- ասում է Մարիան:
Ռաֆայելը հաճախում է «Unghenenii» պարային խմբակ, իսկ Տատյանան դաշնամուր է նվագում։
«Ես սիրում եմ պարել եւ հանրահռչակել Մոլդովայի Հանրապետության ու մեր ժողովրդի ավանդույթները։ Մենք տարբեր մրցույթների ենք մասնակցել Ռումինիայում։ Այնտեղ տեսա մի երկիր, որը շատ ավելի զարգացած է, քան մերը»,- պատմում է Ռաֆայելը:
«Իմ ապագան այստեղ է՝ տանը»,- ասում է Տատյանան, ով նույնպես ժողովրդական պարերով է զբաղվում:
Մարիան ասում է, որ իր երեխաների գեղարվեստական գործունեության շնորհիվ հաճախ է լինում Ռումինիայում։ Նա նաեւ պատմում է Ունգենիի մշակույթի պալատի վերանորոգման մասին, «ինչի շնորհիվ երեխաները կարող են պարապել ավելի լավ պայմաններում»։
Նա թվարկում է ԵՄ միջոցներով համայնքում իրականացված մի քանի նախագծեր, բայց նաեւ ասում է, որ Մոլդովան եւս կարող է առաջարկելու բան ունենալ ԵՄ-ին։
«Մենք գեղեցիկ ժողովուրդ ենք՝ թե՛ արտաքինով, թե՛ հոգով, ինչպես նաեւ ունենք արժեքներ, որոնց դավանում ենք եւ որոնք պահպանում ենք»,- ասում է նա։
Անցյալի ու ներկայի միջեւ
Իրավիճակը, սակայն, այլ է երկրի մյուս ծայրում եւ, որքան հեռանում ես Ռումինիայի հետ սահմանից, այնքան «եվրոպական երազանքը» մշուշոտ է թվում։ 2025 թվականին Մոլդովայի ժողովրդավարությունը փորձության ենթարկվեց։ Չնայած եվրոպամետ ուժերն ի վերջո հաղթեցին, ռուսական ապատեղեկատվությունն անխնա կերպով երեւան էր հանում հարցեր եւ օրակարգեր: Քիշնեւի հետաքննող լրատվամիջոցները հայտնաբերել են Telegram-ում, TikTok-ում եւ Facebook-ում ռուսական քարոզչություն տարածող կեղծ նույնականացուցիչներով օգտահաշիվների մեծ ցանցեր։
Հիրավի, հյուսիսից հարավ՝ Մոլդովայի Հանրապետությունը շատ տարբեր է. կան համայնքներ, որտեղ խոսում են ռումիներեն, իսկ կան համայնքներ, որտեղ խոսում են ռուսերեն, ուկրաիներեն կամ գագաուզերեն: Հաշվի առնելով իրավիճակի բարդությունը՝ մարդիկ կարող են ապավինել տեղեկատվության տարբեր աղբյուրների:
Ինչպես ցույց է տալիս HotNews-ի ռեպորտաժը, նույնիսկ մայրաքաղաք Քիշնեւում տարեցները պակաս պատրաստակամ են լուսանկարվել եւ հարցերին պատասխանել, մինչդեռ երիտասարդներն ավելի բաց են։
«Հիանալի կլիներ անդամակցել Եվրոպական միությանը, բայց իրականում ԵՄ-ն մեր կարիքը չունի: Երկրում իրավիճակն այժմ այնպիսին է, որ մենք նույնիսկ արժանապատիվ բնակարան չունենք, աշխատանքը ցածր է վարձատրվում, գները թանկանում են, վառելիքը թանկանում է, ամեն ինչ թանկանում է: Էլ չեմ խոսում կրթության մասին: Ես ուսանող եմ եւ դա ուղղակի խելագարություն է»,- իր կարծիքով կիսվում է մի երիտասարդ։
Երկրի ամենահյուսիսային բնակավայրում՝ Նասլավչա գյուղում, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանին, մարդիկ կասկածանքով են նայում լրագրողներին, չեն ուզում խոսել եւ վախենում են, որ կարող են խնդիրների բախվել, եթե արտահայտեն իրենց իրական կարծիքը։ Բնակիչներից շատերն ազգականներ ունեն թե՛ Ուկրաինայում, թե՛ Ռուսաստանում։
Քիշնեւից ավելի քան 200 կիլոմետր հեռավորության վրա՝ Դնեստրի ափին գտնվող բնակավայրն ունի 800-ից պակաս բնակիչ, ովքեր գրեթե բոլորը բացառապես ռուսերեն են խոսում։
51-ամյա Նելյան ասում է, որ ինքն ուկրաինացի է, բայց իր քույրը ապրում է Ռուսաստանում, որտեղ «կյանքն ավելի լավ է, քան Մոլդովայում, քանի որ կան լավ աշխատատեղեր եւ աշխատավարձ»։ Ահա թե ինչու Նելյան իմաստ չի տեսնում Մոլդովայի՝ Եվրոպական միությանը միանալու մեջ։
«Խորհրդային տարիներին կյանքն ավելի կայուն էր»,- ասում է մեկ այլ բնակիչ՝ 45-ամյա Վալերիան։
Մեկ այլ տեղաբնակ՝ Նատալյան, վախենում էր պատասխանել Մոլդովայի քաղաքական իրավիճակին վերաբերող հարցերին։ «Եթե ես ձեզ ինչ-որ սխալ բան ասեմ, վաղը ոստիկանություն կգա»,- ասում է նա՝ հավելելով, որ իր ընտանիքը Բելառուսից է։
Երկրի կառավարությունը ժողովրդականություն չի վայելում այս գյուղում: Սա շատ պարզ երեւաց թե՛ նախագահական, թե՛ խորհրդարանական ընտրությունների արդյունքներից: Տարածաշրջանում աղքատության բարձր մակարդակի պայմաններում մարդիկ վրդովվում էին կառավարության՝ ռուսամետ ուժերի օգտին քվեարկելու դիմաց գումար չվերցնելու խնդրանքներից։ «Մարդիկ գումար էին վերցնում՝ ելնելով աղքատությունից եւ կարիքից: Կյանքն է այդպես ստիպում»,- ասում է թոշակառու մի կին՝ բացատրելով տեղացիների՝ իրենց ձայները վաճառելու պատրաստակամությունը։
Սակայն Նասլավչայի բնակիչներից մեկն ասաց, որ մի ժամանակ աշխատել է ԵՄ-ում: «Այնտեղ մենք մեկ օրում ավելի շատ էինք վաստակում, քան այստեղ՝ մեկ ամսում»,- ասաց նա եւ ցանկություն հայտնեց, որ մոլդովացիները հնարավորություն ունենան աշխատելու ԵՄ ցանկացած վայրում:
Հեղինակ՝ Օքսանա Բոդնար
Լուսանկարները՝ հեղինակի
Բնօրինակ պատմությունը ռումիներենով հրապարակվել է HotNews.ro կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: