Միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը պարտադիր է դառնում

Միջոցառումների ժամանակ պարտադիր է դառնում օրհներգի կենդանի կատարումը: Փետրվարի 12-ի նիստին կառավարությունը հաստատեց պետական օրհներգի կատարման նոր կարգը։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ներկայացնելով նախագիծը, նշեց, որ պետական խորհրդանիշների հանդեպ ուշադրությունը կառավարության առաջնահերթություններից է: 

«Նախորդ տարի Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին օրենքում կատարվեցին փոփոխություններ և լրացումներ, որոնք ուղղված էին հենց այդ միասնական ստանդարտի սահմանմանը», – հայտարարեց նախարարը։ 

Նա ընդգծեց, որ պետական և արարողակարգային միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը դառնում է պարտադիր, ինչը կարող է լինել նվագախմբային, երկչախմբային կամ համատեղ տարբերակներով։

Նոր կարգը հատուկ պահանջներ է սահմանում կրթական հաստատությունների համար: Մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթը պետք է սկսվի օրհներգով՝ սաների ձայնակցությամբ: 

«Մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, ովքեր ներգրավված են, և սա ունի շատ կոնկրետ նպատակ, որպեսզի պետական կարևորագույն խորհրդանիշը… դառնա կրթական ամենացածր օղակից երեխաների ամենաառաջին գիտելիքներից մեկը», – պարզաբանեց Անդրեասյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ պաշտոնական ստանդարտից դուրս այլ ձայնագրություններ միացնելը պարզապես արգելվում է և զգուշացրեց սահմանված կարգը խախտողներին: 

«Ովքեր պարտավոր են օգտագործել օրհներգի ճիշտ տարբերակը… դրան պիտի հետևի պատասխանատվություն», – հայտարարեց վարչապետը։

Անդրադառնալով պետական խորհրդանիշների պատշաճ ներկայացմանը՝ Փաշինյանը քննադատեց Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող տեսահոլովակի հնացած լինելը: 

«Ոնց որ մենք ասենք ենթադրենք 12 թվից նույն շորերով ման գանք… բայց մեր պետությանը հագցնում ենք նույն շորերը», – նկատեց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ տեսահոլովակներն ու ձայնագրությունները պետք է պարբերաբար թարմացվեն։

Կառավարությունն արդեն հասանելի է դարձրել օրհներգի պաշտոնական ձայնագրության վեց տարբերակ, որոնք տեղադրված են պաշտոնական կայքերում։ Օրհներգի տեքստը նույնպես ենթարկվել է փոփոխության և այժմ պաշտոնապես ավարտվում է «Թող միշտ պանծա Հայաստան» նախադասությամբ։

The post Միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը պարտադիր է դառնում appeared first on CIVILNET.

Leave a comment