ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր որդին վերադարձրել է գումարը Բռնցքամարտի միջազգային ասոցիացիայի (IBA) ղեկավար Ումար Կրեմլյովին, ով մասնակիորեն հոգացել էր Դոնալդ Թրամփ կրտսերի հարսանիքի ծախսերը։ Սպիտակ տան ղեկավարն այդ մասին հայտնել է ուրբաթ օրը՝ սեպտեմբերի 18-ին։
«Որքան հասկանում եմ՝ նա վերադարձրել է գումարը», – ընդգծել է Թրամփը՝ լրագրողների հետ զրույցում։ Նա նշել է, որ «որևէ մեկի ընկերոջ կողմից հարսանեկան արարողության համար վճարելը» համարում է «լիովին նորմալ պրակտիկա»։
Երբ նրան հարցրել են ռուսական իշխանություններին մերձավոր անձնավորություն հանդիսացող Կրեմլյովի կողմից իր որդու հարսանիքը ֆինանսավորելու տեղին լինելու մասին, Թրամփը հավելել է, որ դա «միանշանակ թույլատրելի է»։
Սեպտեմբերի 14-ին ամերիկյան ProPublica պարբերականը հրապարակել էր հետաքննություն, որի համաձայն՝ Ումար Կրեմլյովը հոգացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որդու՝ Դոնալդ Թրամփ կրտսերի՝ Բահամյան կղզիներում կայացած հարսանիքի ծախսերի մի մասը։
Թրամփ կրտսերի ներկայացուցիչը չի հերքել վճարման փաստը և Կրեմլյովին բնութագրել է որպես նախագահի որդու «անձնական ընկեր»՝ նշելով, որ նրանց կապը հիմնված է «բացառապես անձնական հարաբերությունների վրա, որոնք ձևավորվել են բռնցքամարտի և բնության գրկում հանգստի հանդեպ ունեցած ընդհանուր սիրո հիման վրա»։ Կրեմլյովը գլխավորում է IBA-ն 2020 թվականից։
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները հետաքննություն են սկսել Դոնալդ Թրամփ կրտսերի հարսանիքի ծախսերի վճարման վերաբերյալ։ Մինչդեռ ԱՄՆ դատախազ Թոդ Բլանշն արդեն հայտարարել է, որ իր գրասենյակը հիմքեր չի տեսնում՝ հետաքննություն սկսելու Ումար Կրեմլյովի կողմից հարսանեկան ծախսերի վճարման հանգամանքների առնչությամբ։