«Իրենց համար Արցախը բեռ էր, խնդիր»․ Տիգրան Աբրահամյանը՝ ՀՀ իշխանությունների մասին

«Իրենց համար Արցախը բեռ էր, խնդիր էր, Արցախի գոյությունն ինքնիշխանությանը հասցված սպառնալիք էր։ Այս պայմաններում այն, ինչ տեղի է ունեցել Արցախի հետ՝ ագրեսիայի հետևանքով, դրա կանաչ լույսը վառել է ՀՀ իշխանությունն իր քաղաքական վարքով, այդ օրերին իր հնչեցրած հայտարարություններով, այսօր էլ այդ հրեշավոր իրադարձությունների պարտակմամբ»,- Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթի ու հարգանքի տուրքի ժամանակ «Եռաբլուրում» լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Տիգրան Աբրահամյանը։

Լրագրողների հարցերին ի պատասխան խոսելով Նիկոլ Փաշինյանի՝ իրական Հայաստանի գաղափարախոսության մասին՝ Տիգրան Աբրահամյանն ասաց․ «Այդ գաղափարախոսությունը ՀՀ-ի՝ միակողմանի զիջման քաղաքականության մասին է։ Որքան իշխանությունը խոսել է խաղաղության մասին, շատ ավելի պատերազմական գործողություններ տեղի են ունեցել Արցախի և ՀՀ-ի նկատմամբ, շարունակել են հանձնել Արցախը, ՀՀ-ի տարբեր հատվածներ՝ մի մասը ռազմական, մյուս մասը բանակցային գործընթացի միջոցով։ Միջին վիճակագրական քաղաքացու համար իրական Հայաստանի գաղափարախոսությունը ՀՀ-ի զիջումների մասին է։ Այն, ինչ փորձում է դնել այս իշխանությունն այս հանցագործության հիմքում, սա ընդամենն իրենց արդարացումն է։ Վաղը, մյուս օրը, մեկ ամիս, տարի հետո էլ մեկ այլ հանձնման օրակարգ են առաջին պլան բերելու՝ փորձելով դրանով արդարացնել ՀՀ անվտանգության խնդիրը։ Նույնը հիմա դրվում է Տիգրանաշենի հիմքում, վաղը կամ հաջորդ օրը կարող է դրվել ՀՀ-ի տարբեր այլ բնակավայրերի հիմքում։ Այս իշխանությունների համար, այն, ինչ Ադրբեջանի առաջնահերթության ներքո է, նրանց ձգտումը ոչ թե հայրենիքի որևէ հատվածի փրկությունն է, հայկական օրակարգի առաջմղումը, այլ հանրության համար արդարացումների փաթեթ մշակելով՝ դա հրամցնելն է»։

Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին նվիրված սգո երթն ու հարգանքի տուրքը «Եռաբլուրում»՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment