Ամփոփելով ՀՀ օրհներգի մասով կատարված աշխատանքները՝ Կառավարության նիստում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է օրհներգի կատարման կարգը, որով սահմանվում է, թե երբ, որտեղ և ինչ տարբերակով պետք է հնչի այն և ինչ ստանդարտի կիրառմամբ:
«Օրհներգի կատարման կարգը պարտադիր է դարձնում պետական միջոցառումների ժամանակ օրհներգի կենդանի կատարումը: Սա նշանակում է, որ ցանկացած միջոցառում, որ պլանավորվում է պետական կառույցների կողմից, առավել ևս երբ խոսում են արարողակարգային միջոցառումների մասին, ապա պետք է նախապես պլանավորել և ապահովել օրհներգի կենդանի կատարման հնարավորությունը, որը կարող է լինել նվագախմբային, նվագախմբային և երգչախմբային կամ երգչախմբային տարբերակներով:
Կարգավորվում են նաև բոլոր այն դեպքերը, երբ օրհներգը կարող է հնչել ոչ պետական կազմակերպությունների և այլ անձանց կողմից կատարվող միջոցառումների սկզբում: Այստեղ կենդանի կատարումը, բնականաբար, նույնպես դիտարկվում է, բայց ձայնագրությունների պարագայում պարտադիր է կիրառել պաշտոնական այն ձայնագրությունը, որը հասանելի է»,- ասել է նախարարը:
Նա ուշադրություն է հրավիրել նաև ուսումնական հաստատություններում օրհներգի կատարման կարգի վրա, քանի որ օրենքում արդեն իսկ սահմանվում է, որ մանկապարտեզներում, դպրոցներում և քոլեջներում ուսումնական շաբաթվա սկզբին ՀՀ օրհներգը պետք է հնչի:
«Օրհներգի կատարման կարգով հստակեցվում է, որ օրհներգը պետք է կատարվի հաստատության սաների կենդանի ձայնակցությամբ, այսինքն՝ մենք պարտադիր ենք դարձնում, որպեսզի օրհներգի կատարումը ներառի նաև բոլոր անձանց, ովքեր ներգրավված են»,- ասել է նա՝ հավելելով, որ օրհներգի տարբերակները հրապարակված են Կառավարության կայքում, «Հայաստան» բաժնում հասանելի են ձայնագրության 6 տարբերակները:
Ինչ վերաբերում է ունկնդիրներին, ապա նրանք պետք է օրհներգի կատարման ժամանակ լինեն հոտնկայս՝ աջ ձեռքը կրծքին դրած:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան, արձագանքելով ասել է, որ բոլոր միջոցառումներին, որտեղ պետք է հնչի ՀՀ օրհներգը, այն պետք է հնչի կենդանի կատարմամբ:
«Մի շարք գերատեսչություններ ունեն նվագախմբեր, երգչախմբեր, նրանք, ովքեր չունեն նվագախմբեր կամ երգչախմբեր, թող հրավիրեն նվագախմբեր և երգչախմբեր, որպեսզի դա կատարեն»,-հավելել է վարչապետը:
Նա նաև նշել է, որ այլ կառույցների դեպքում ստանդարտ է սահմանվում, որ պետք է միացվի այն ձայնագրությունը, որը պետական ստանդարտով սահմանված է, տեղադրված է պաշտոնական կայքում: Դրանից դուրս օրհներգի տարբերակներ միացնելն արգելվում է: