«Վագա-ֆարմ»-ի արձագանքը քաղաքապետարանի ստուգումներին
Լրատվամիջոցներով տեսանյութ է տարածվել, թե ինչպես են Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները հսկողություն իրականացնում «Վագա-ֆարմ»-ի 22 դեղատներում: Եվ ստուգումների արդյունքը՝ վարչական իրավախախտման 25 դեպք, որից պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառք՝ 12, չթույլատրված ապրանքատեսականու վաճառքի՝ մինչև 50 միկրոնի պոլիէթիլենային պարկերի՝ 2, առանց թույլատվության գովազդի տեղադրման՝ 11:
Խախտումների մասին հայտարարությունն անհիմն է: Օրինակ՝ տեսանյութում ներկայացվում է 06.2026 թվականին արտադրված ծովի աղ՝ պիտանելիության 2 տարի ժամկետով, արտադրողի մակնշումով, որն արտացոլում է նաև պիտանելիության ժամկետը: Դա ներկայացնում են որպես կրկնակի գնապիտակ ու ընդգրկում վարչական իրավախախտումների երկար ցանկում՝ որպես պիտանելիության ժամկետի խախտման դեպք:
Նույն սկզբունքով՝ մյուս «խախտումները»: Իսկ գովազդի տեղադրման խախտումների բոլոր դեպքերով քաղաքապետարանը դատարանում պարտվել է. այսինքն՝ այս դեպքում եւս որևէ խախտում չկա:
Սպառողը կարող է տպավորություն ստանալ, որ «Վագա ֆարմ» դեղատնային ցանցում վաճառվում են ժամկետանց ապրանքներ՝ այդ թվում՝ դեղեր, ինչը իրականությանը չի համապատասխանում և դեղատնային ցանցի հեղինակությունն արատավորելու ուղիղ փորձ է:
Քաղաքապետարանի կողմից կինոօպերատորով, տագնապեցնող երաժշտությամբ ծովի աղի պիտանելիության ժամկետի «խախտումների» հայտնաբերումը իրականում այլ մոտիվ ունի:
Սա պատասխան է «Վագա ֆարմի»՝ Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին:
«Վագա ֆարմ»-ը 2026 թ.-ի հուլիսի 16-ին ՀՀ գլխավոր դատախազություն հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին՝ Երևանի քաղաքապետարանի «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ջենի Հովսեփյանի և Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման փաստով։
Նշված պաշտոնյաները՝ Դավիթ Կարապետյանի գլխավորությամբ, մերժել են «Դավթաշեն առողջության կենտրոն» ՓԲԸ-ի տարածքը ավելի բարձր (540.000 ՀՀ դրամ) վարձավճարով վարձակալության հանձնելու «Վագա ֆարմ»-ի առաջարկը՝ փոխարենը 2 տարի ժամկետով վարձակալության հանձնելով նույն տարածքը «Նատալի ֆարմ դեղատուն» ՍՊԸ-ին՝ ամսական 300.000 ՀՀ դրամով, ինչի հետևանքով պետությանը և համայնքին պատճառվել է առնվազն 6.624.000 ՀՀ դրամի վնաս։
Այս հաղորդման օրինակն ուղարկել ենք նաև Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ստացել հետևյալ պատասխանը. «Երևանի քաղաքապետարանի իրավասությունների և գործառույթների մեջ չի մտնում քրեաիրավական գնահատական տալը»:
Բնականաբար, դիմումով Երևանի քաղաքապետարանից նկարագրված արարքի քրեաիրավական գնահատական չէր ակնկալվել. Երևանի քաղաքապետարանի գործառույթներում է՝ որպես գործատու իր աշխատողների գործողություններին իրավական գնահատական տալը, նրանց կարգապահական պատասխանատվության ենթարկելը:
Քաղաքապետարանի գրավոր այս արձագանքից հետո դիմեցինք երկրորդ անգամ՝ նույն ակնկալիքով, որի պատասխանն, արդեն, դեղատնային ցանցի ստուգումների տեսքով էր:
Եթե «Վագա ֆարմ»-ի՝ պետությանը պատճառած առանձնապես խոշոր չափով վնասի դեպքի մասին հաղորդմանը որևէ հակափաստարկ ունենային, դա կներկայացնեին նույն ռեժիսուրայով՝ կինոօպերատոր, խորհրդավոր երաժշտություն, ԶԼՄ-ներ: Որքան էլ նման ապատեղեկատվությամբ փորձեն մոլորեցնել հանրությանը կամ «Վագա ֆարմ»-ին տհաճություններ պատճառել , միևնույն է՝ հարցը մնում է ակտուալ ու անպատասխան՝ ինչո՞ւ է քաղաքապետարանի առողջության վարչության պետ Դավիթ Կարապետյանին ներվում պետությանը պատճառած առանձնապես խոշոր չափի վնասը:
Վահե ՎԱՐՍԱՆՅԱՆ
«ՎԱԳԱ ՖԱՐՄ» -Ի ՀԻՄՆԱԴԻՐ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: