ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը, Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնախոստովանական ցուցմունք է տվել։ Այս մասին գրում է «Ժոողովուրդ» օրաթերթը։
«Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ցուցմունք տալուց հետո Աբրահամյանը նաև 26 միլիոն դրամ է վերականգնել՝ որպես վարույթով պատճառված վնասի մաս»,–գրում է թերթը։
Ըստ լրատվամիջոցի աղբյուրների` Հակակոռուպցիոն կոմիտեն, հաշվի առնելով այս հանգամանքները, Հենրիկ Աբրահամյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է բացակայելու արգելքը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 18–ին հայտնի դարձավ, որ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, այդ արարքին օժանդակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և կեղծ փաստաթուղթ օգտագործելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է Հենրիկ (Ջոնիկ) Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանի եղբոր անունը նախկինում ևս շրջանառվել է քրեական գործով։ 2018 թվականին նա ձերբակալվել էր Մխչյան գյուղի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանի տարածքում հայտնաբերված մեծ քանակությամբ զենքի և ռազմամթերքի գործով։ Իրավապահներն այն ժամանակ ուսումնասիրում էին նաև հայտնաբերված զենքի հնարավոր առնչությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին։ Հետագայում Հենրիկ Աբրահամյանն ազատ էր արձակվել։
2026 թվականի ապրիլին էլ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր Հենրիկ Աբրահամյանի և Հովիկ Աբրահամյանի երկու փեսաների հետ կապված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործի մասին, որով պահանջվում էր բռնագանձել երկու տասնյակից ավելի անշարժ գույք և 1 մլրդ դրամը գերազանցող գումար։