Բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի արագ աճը սովորաբար հիմնավորվում է մի քանի փաստարկով։ Առաջինն այն է, որ պետական կառավարման բարձր օղակներում պետք է լինեն մասնագետներ, որոնք մասնավոր հատվածում կարող էին ավելի բարձր եկամուտ ստանալ, և եթե պետությունը չի վճարում մրցունակ աշխատավարձ, ապա լավագույն կադրերը չեն գալիս պետական համակարգ։
Երկրորդ փաստարկը կոռուպցիոն ռիսկերի նվազեցումն է։ Բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյան, ըստ այդ տրամաբանության, ավելի քիչ դրդապատճառ կունենա չարաշահումների գնալու։
Երրորդ փաստարկը պատասխանատվության բարձր մակարդակն է։ Նախարարի, փոխնախարարի, հանձնաժողովի նախագահի, դատական կամ օրենսդիր իշխանության բարձր ներկայացուցչի որոշումները ազդում են ամբողջ երկրի վրա, ուստի նրանց վարձատրությունը պետք է համապատասխան լինի այդ պատասխանատվությանը։
Այս փաստարկներն ինքնին ամբողջությամբ անհիմն չեն։ Բայց դրանցից ոչ մեկը չի կարող լինել ինքնաբավ արդարացում այն դեպքում, երբ աշխատավարձերի բարձրացումը չի ուղեկցվում կատարողականի խիստ չափորոշիչներով, հաշվետվողականության իրական մեխանիզմներով, հանրային ծառայությունների որակի տեսանելի բարելավմամբ, առավել ևս՝ նույն տրամաբանության տարածմամբ հասարակության ավելի լայն շերտերի վրա։
Եթե պաշտոնյաների աշխատավարձերը բարձրանում են այն հիմնավորմամբ, որ նրանց աշխատանքը կարևոր է և պետք է արդյունավետ լինի, ապա նույն տրամաբանությամբ պետք է բարձրանան նաև ուսուցչի, բժշկի, փրկարարի, սոցիալական աշխատողի, մշակույթի ոլորտի աշխատողի, պետական ցածր և միջին օղակների ծառայողի, համայնքային աշխատողի, արտադրական և սպասարկման ոլորտի շարքային աշխատողի եկամուտները, որովհետև պետության իրական կենսունակությունը կախված է ոչ միայն որոշում ընդունողներից, այլև այդ որոշումները կյանքի կոչող մարդկանցից։
Իսկ երբևէ իշխանություններին հետաքրքրե՞լ է, թե որքան աշխատավարձ (կամ, ինչպես ընդունված է ասել, աղքատավարձ) են ստանում նշյալ ոլորտի աշխատողները, մասնավորաբար՝ գրադարանավարները, երաժշտական և, ընդհանրապես, արվեստի դպրոցների դասատուները: Վստահ ենք, որ գիտեն, բայց թքած ունեն, որովհետև իրենց համար կարևորն իրենց բարեկեցությունն է, ու վերջ:
Արդարության խնդիրը հենց այստեղ է։Երբ կառավարման համակարգի վերևի հատվածի համար աշխատավարձի բարձրացումը դառնում է հրատապ պետական անհրաժեշտություն, իսկ ներքևի աշխատանքային լայն ընդգրկում ունեցող մարդկանց համար այն տարիներ շարունակ մնում է «բյուջետային հնարավորությունների», «աստիճանական մոտեցման», «տնտեսական իրողությունների» կամ «աշխատաշուկայի տրամաբանության» հարց, հասարակությունն այդ տարբերությունը ընկալում է որպես իշխանական կաստայի ձևավորում։ Պետական բյուջեն «սեփականացված» գանձարան չէ, որտեղից իշխանությունը կարող է վերցնել այնքան, որքան անհրաժեշտ է համարում սեփական համակարգի հարմարավետությունը բարձրացնելու համար։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: