Վերադարձի իրավունքն անսակարկելի է. արցախցիների բռնի տեղահանման 3-րդ տարելիցն է

Բաժանորդագրվել

Գագիկ Բաղունցի խոսքով՝ առաջնահերթ խնդիր է նաև Հայաստանում բնակվող արցախահայերի կենսական կարիքների ապահովումը։

ԵՐԵՎԱՆ, 19 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը վերահաստատել է արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքը՝ նշելով, որ այն պետք է իրացվի միջազգային հուսալի երաշխիքների պայմաններում։ Այս մասին նշված է 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ռազմական գործողությունների և արցախահայության բռնի տեղահանման երրորդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության մեջ։

«Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքը հանդիսանում է անսակարկելի: Այն պետք է իրականացվի միջազգային հուսալի երաշխիքների և մեր ժողովրդի հիմնարար իրավունքների ու ազատությունների լիարժեք ապահովման պայմաններում»,– հայտարարել է Բաղունցը։

Նա նաև պահանջել է անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարներին և մյուս հայերին՝ նշելով, որ այդ հարցը պետք է լինի միջազգային հանրության առաջնահերթություններից։

Բաղունցն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման խնդրին՝ դրա ոչնչացումն ու յուրացումը որակելով որպես «մշակութային ցեղասպանության շարունակություն» և միջազգային միջամտության կոչ անելով։

Նրա խոսքով՝ առաջնահերթ խնդիր է նաև Հայաստանում բնակվող արցախահայերի կենսական կարիքների ապահովումը։

«Հայաստանի Հանրապետությունում ապաստանած արցախահայության կենսական կարիքների բավարարումն առաջնահերթ հրամայական է։ Այս ուղղությամբ էական նշանակություն ունի միջազգային հանրության շարունակական ու նպատակային աջակցությունը՝ տեղահանված բնակչության սոցիալական կայունությունն ամրապնդելու և հումանիտար մարտահրավերները հաղթահարելու գործում»,– նշել է Բաղունցը։

Արցախի ԱԺ նախագահի պարտականությունները կատարողը հավելել է, որ անցած 3 տարիները չեն փոխել Արցախի ժողովրդի իրավունքները պաշտպանելու իրենց հանձնառությունը։

«Չնայած այսօր ստեղծված ծանր աշխարհաքաղաքական իրավիճակին և բռնի տեղահանման դառնությանը՝ արցախցիների համախմբվածությունը, ինքնության պահպանումն ու պայքարի շարունակականությունն այլընտրանք չունեն: Մենք պարտավոր ենք համատեղել ամբողջ հայության ներուժը՝ պաշտպանելու Արցախի ժողովրդի լեգիտիմ իրավունքներն ու հասնելու պատմական արդարության վերականգնմանը»,– եզրափակել է նա։

Հիշեցնենք, որ 2023 թվականի Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում ավելի քան 240 զոհ տվեց։ Հաջորդած օրերին Արցախի հայ բնակչությունը բռնի տեղահանվեց Հայաստան։

Leave a comment