40 տարի՝ ռեկորդի հետ․ Դավիթ Առուշանյանը հանդիպել է լեգենդար Ռոբերտ Էմիյանի հետ


Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է ծնունդով գյումրեցի, Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի չեմպիոն և ռեկորդակիր, աշխարհի փոխչեմպիոն, Բարի կամքի խաղերի չեմպիոն, սպորտի վաստակավոր վարպետ Ռոբերտ Էմմիյանին։ Այս մասին հայտնում է մարզպետի աշխատակազմը։


 


Այս տարի լրանում է Ռոբերտ Էմմիյանի՝ հեռացատկում սահմանած պատմական ռեկորդի 40-ամյակը։ 


 


Անվանի մարզիկը 1986 թվականին Մոսկվայում կայացած Բարի կամքի խաղերում սահմանել է Եվրոպայի առաջին ռեկորդը՝ 8,61 մ արդյունքով, իսկ 1987 թվականին Ծաղկաձորում՝ երկրորդը՝ չգերազանցված 8,86 մ արդյունքով, որը մինչ օրս շարունակում է մնալ հայկական աթլետիկայի ամենանշանակալի նվաճումներից մեկը։


 


Շիրակի մարզպետը ողջունել է անվանի մարզիկին հարազատ քաղաքում և շնորհակալություն հայտնել միջազգային հարթակներում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար։


 


«Ուրախ եմ ձեզ տեսնել հարազատ քաղաքում՝ լի էներգիայով և նոր նախաձեռնություններ կյանքի կոչելու պատրաստակամությամբ։ Վստահեցնում եմ՝ Շիրակի մարզպետի աշխատակազմը և անձամբ ես, իրավասությունների շրջանակներում, պատրաստ ենք համագործակցության և ուրախ կլինենք համատեղ նոր ձեռնարկներ կյանքի կոչել»։


 


Մարզպետն անդրադարձել է նաև Ռոբերտ Էմմիյանի գավաթի հերթական միջազգային մրցաշարին, որն այս տարի անցկացվել է Գյումրիում և նվիրված է եղել լեգենդար մարզիկի ռեկորդի 40-ամյակին։


 


Ռոբերտ Էմմիյանը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ու անմիջական ընդունելության համար՝ ընդգծելով, որ ոգևորիչ է գտնվել հայրենի քաղաքում և տեսնել դրական տեղաշարժեր։


 


Անվանի մարզիկն ու մարզպետը կիսվել են հիշողություններով, ջերմ զրուցել, քննարկել առաջիկա անելիքները։


 


Ռոբերտ Էմմիյանն ուրախալի է համարել այն հանգամանքը, որ Արթուր Ալեքսանյանի անվան մարզական համալիրը, ունենալու է միջազգային չափանիշներին համապատասխան աթլետիկայի վազքուղի, ինչը հնարավորություն կտա մարզի երիտասարդներին առավել բարձր արդյունքներ գրանցել և մրցաշարեր անցկացնել Գյումրիում։ 


 


Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2027 թվականին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզական խաղերի նախապատրաստական աշխատանքներին առնչվող մի շարք հարցեր։ Խաղերի ծրագրում ընդգրկված են նաև աթլետիկական մարզաձևերը։

Դիտումների քանակ2

Leave a comment