Խաղաղության մասին պետք է հոգ տանել. Փաշինյան

Խաղաղության մասին պետք է հոգ տանել. Փաշինյան

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Վիսբադենում Հեսսեյան խաղաղության մրցանակի հանձնման արարողությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանել է լրագրողների հարցերին՝ նշելով, որ մրցանակը համարում է Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների, ինչպես նաև միջազգային գործընկերների մասնակցությամբ ձեռք բերված տարածաշրջանային խաղաղության ճանաչում։ Նա ընդգծել է, որ խաղաղությունը պետք է ամրապնդել և ինստիտուցիոնալացնել՝ այն կայուն ու անշրջելի դարձնելու համար։

«Գիտեք, առաջին հերթին սա մեր տարածաշրջանային ձեռքբերման ճանաչումն է։ Ես դա չափազանց անձնական չեմ ընդունում, որովհետև, ինչպես ասացի իմ ելույթում, կարծում եմ՝ խաղաղությունը, առաջին հերթին, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների ձեռքբերումն է։ Եվ, իհարկե, ինչպես ասացի, Ադրբեջանի առաջնորդը նույնպես արժանի է այս մրցանակին։

Եվ, իհարկե, ես նաև ընդգծեցի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վճռորոշ դերը։ Սա միջազգային, տարածաշրջանային և ազգային ձեռքբերում է։ Եվ դա ամենակարևորն է, որովհետև սա պարզապես մեկ երկրի կամ մեկ անձի ձեռքբերումը չէ։

Սա այնպիսի ձեռքբերում է, որը կամուրջներ է ստեղծում ժողովուրդների և երկրների միջև։ Կարծում եմ՝ սա նաև շատ կարևոր միջազգային ձեռքբերում է։ Ես նաև երախտագիտություն եմ հայտնել միջազգային գործընկերներին, որոնք աջակցում էին խաղաղության գործընթացին։

Եվ հիմա մենք ունենք լավ արդյունք։ Այժմ մենք լավ վիճակում ենք։ Բայց կա ևս մեկ շատ կարևոր հանգամանք։ Մենք չպետք է այս խաղաղությունը ընդունենք որպես ինքնըստինքյան տրված իրողություն։ Խաղաղության մասին պետք է հոգ տանել և դրա համար պետք է աշխատել։ Մենք պետք է շարունակենք խաղաղության ինստիտուցիոնալացման, դրա ամրապնդման ուղղությամբ աշխատանքը, որպեսզի այն դառնա կայուն և անշրջելի։ Եվ այժմ մենք հենց այդ ուղղությամբ ենք աշխատում»,- ասել է վարչապետը։

Leave a comment