Դաշնակցությունը պետք է հասկանա, որ իր պատկերացումներն ու մտածողությունը չեն տեղավորվում այսօրվա իրականության մեջ. Արթուր Հովհաննիսյան


Քննարկում ենք Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌՀ) անդամ Հակոբ Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որը ներկայացրել է ընդդիմությունը, մասնավորապես, «Հայաստան» դաշինքը, որի անդամները, ըստ էության, վիրավորվել են պարոն Հակոբյանի արտահայտություններից, որը նա արել է հաղորդմանը հյուր լինելու ժամանակ, որտեղ նա գնահատականներ է հնչեցրել պատմական իրողությունների վերաբերյալ, համեմատականներ անցկացրել մեր օրերի հետ, և ըստ էության, գնահատական է հնչեցրել Դաշնակցության գործունեության մասին՝ որպես ավանդական կուսակցության: Այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը ելույթի ժամանակ: 


Նրա խոսքով՝ Դաշնակցությունը վիրավորվել է այս արտահայտություններից և օրակարգ է մտածել ու բերել խորհրդարան: 


«Բայց ինչպես հասկանում եք, այս օրակարգը թարս է աշխատում Դաշնակցության համար, որովհետև մենք հիմա էլի քննարկում ենք թեմաներ, որոնք, միանշանակ, Դաշնակցությանը դուր չեն գալիս: Ինչի՞ մասին են եղել այդ դատողությունները, և ինչի՞ մասին են մեր դատողությունները այս հինգ տարի Ազգային ժողովում: Դրանք, այո՛, նրա մասին են, հարգելի՛ գործընկերներ, որ ձեր մտածողությունը, ձեր պատկերացումներն ու լուծումները ընդհանրապես չեն համապատասխանում ՀՀ-ի շուրջ տեղի ունեցող ներկա իրողություններին: 


Ձեր լուծումները չէին համապատասխանում ՀՀ-ի շուրջ ձևավորված մարտահրավերներին, և այս մտածողության տարբերության ու այս մտածողության վտանգավորության մասին է խոսքը, որ առաջին հերթին ձեզ օգնող, ոչ թե ձեզ վիրավորող գնահատականներ են»,- հայտարարեց Հովհաննիսյանը:


Նրա խոսքով՝ Դաշնակցությունը պետք է օգտվի այս գնահատականներից և հասկանա, որ իր պատկերացումներն ու մտածողությունը չեն տեղավորվում այսօրվա իրականության մեջ: 


«Այստեղ է ամենագլխավոր խնդիրը, որ դուք չեք հասկանում՝ ինչ է ձեզ հետ տեղի ունենում քաղաքականապես և պատմականորեն»,- հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը: 


Դիմելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին՝ ընդգծեց՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մտածողությունը, պատկերացումները, ձգտումներն ու երազանքները նույնական են այսօր ՀՀ-ի ժողովրդի մեծամասնության մտածողության հետ:


«Ինչու ձեր ու մեր բնակչության մտածողությունը նույնական չեն. որովհետև ձեր մտածողության մեջ ՀՀ-ի կառավարումը գտնվում է ՀՀ-ի տարածքից դուրս: Այստեղ է գլխավոր պրոբլեմը, իսկ մեր ժողովուրդն ուղիղ կերպով ընտրել է ազատությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը և խաղաղությունը: Իսկ ձեր մտածողությունը հակասում է այս ամենին»,- հայտարարեց նա՝ հորդորելով հետևություններ անել՝ պատմության լուսանցքում չմնալու համար:

Leave a comment