Գեղարքունիքի մարզի դատախազության միջնորդագրի կատարման արդյունքում Սևանա լճի բացարձակ նիշից ցածր հատվածում ապամոնտաժվել է գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված առանձնատան պարիսպը։
Միաժամանակ, Սևանի ափամերձ տարածքում «Մուլտի գրուպ» կոնցեռն ՍՊԸ-ի ապօրինի տիրապետության ներքո գտնվող բնակելի տներին ու շենք-շինություններին վերաբերող՝ պետական շահերի պաշտպանության հայցը գտնվում է դատարանի վարույթում։
Դատախազության միջնորդագրերի կատարման արդյունքում, 2025 թվականի դեկտեմբերից առ այսօր, Սևանա լճի ափամերձ՝ բացարձակ նիշից ցածր 70 հողամասերում ապամոնտաժվել (քանդվել) է ապօրինի կառուցված՝ հիմնական և ոչ հիմնական 205 շենք-շինություն, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կողմից լուծվել (դադարեցվել) է 2 պայմանագիր:
Հայցադիմումով պահանջվում է Գագիկ Կոլյայի Ծառուկյանից բռնագանձել՝ 75 անշարժ գույք և 10 գույքի շուկայական արժեք, որոնցից 57-ը գտնվում են Երևան քաղաքում, 42 տրանսպորտային միջոց, 38 իրավաբանական անձանցում մասնակցություն, որոնց թվում են՝ «Մուլտի Գրուպ Կոնցեռն» ՍՊԸ-ն, «Մուլտի Ավտոտրանս» ՍՊԸ-ն, «Օնիրա քլաբ» ՍՊԸ-ն և այլ իրավաբանական անձինք, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ, որը ներառում է ապօրինի եկամտի մնացորդը և ծախսը, ինչպես նաև տրված փոխառությունները, զիջված պահանջի իրավունքը և 5 տրանսպորտային միջոցի շուկայական արժեք։