ՀՀ և ՌԴ հարաբերությունները վերաձևակերպման փուլ են անցնում, ինչը բավականին բարդ է․ Ծ․Վարդանյան

ՀՀ և ՌԴ հարաբերությունները վերաձևակերպման փուլ են անցնում, ինչը բավականին բարդ է․ Ծ․Վարդանյան (տեսանյութ)

«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները վերաձևակերպման փուլ են անցնում, ինչը բավականին բարդ է, որովհետև հաճախ, կարող է, նույն լեզվով չխոսենք։ Բայց շատ կարևոր է Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները շարունակելու մեր քաղաքական կամքը»,- «Ա1+»-ի հետ զրուցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Ծովինար Վարդանյանը՝ անդրադառնալով ՀՀ-ՌԴ հարաբերություններում առկա լարվածությանը։

Պատգամավորը չցանկացավ քննարկել հարցը, թե ՌԴ-ն որքան կարող է թանկացնել ՀՀ-ին մատակարարվող գազը։ Ասաց՝ երբ խոսում ենք միայն գազի գնից, նշանակում է՝ անտեսում ենք հարաբերությունների մյուս շերտերը։ Ընդամենը հավելեց, թե իրենց իշխանությունները դիվերսիֆիկացնում են թե անվտանգային հնարավորությունները, թե տնտեսական կապերը և թե արտաքին հարաբերությունները։ Եվ որ պետք չէ ելնել այն կանխավարկածից, թե ամեն ինչ վատ է լինելու։

Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն պնդմանը, թե Հայաստանը պետք է հանրաքվեի միջոցով որոշի՝ Եվրամիությա՞ն, թե՞ ԵԱՏՄ-ի անդամ է ցանկանում լինել, Ծովինար Վարդանյանը պատասխանեց, որ այդ հարցը մեր ժողովրդի հետ մեր ներքին խոսակցությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment