Կարգավորող մարմինների ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին Սոֆիայում
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․/Նովոստի–Արմենիա/․Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը և Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի (Radyo ve Televizyon Üst Kurulu) նախագահի տեղակալ Դենիզ Գյուլերը քննարկել են Համագործակցության հուշագրի հնարավոր ստորագրումը, որի նախագիծն արդեն մշակման փուլում է։
Ինչպես հայտում են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովից, կարգավորող մարմինների ներկայացուցիչների հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին Սոֆիայում։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հեռարձակման ոլորտում առկա զարգացումները և արդի մարտահրավերները, ինչպես նաև կարգավորող մարմինների գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Թուրքիայի կարգավորող մարմինների միջև համագործակցության հետագա զարգացման և ընդլայնման հնարավորություններին։
Մասնավորապես, անդրադարձ է կատարվել փորձի և մասնագիտական գիտելիքների փոխանակմանը, ոլորտային երկխոսության ակտիվացմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև ընդգծվել է միջազգային և տարածաշրջանային հարթակներում համագործակցության ընդլայնման կարևորությունը։
Կողմերը կարևորել են նման հանդիպումների շարունակականությունը՝ ընդգծելով երկխոսության
կարևորությունը հեռարձակման ոլորտի արդյունավետ կարգավորման և նոր մարտահրավերներին
համատեղ արձագանքելու տեսանկյունից։