«Մեզ հայտնի էր՝ Հայաստանը բազմադարյա մշակույթ ունեցող երկիր է։ Եվ այդ մշակույթի հենքը զգացինք դեռ թատրոն առաջին անգամ ոտք չդրած». Վինչենցո Պետրոնցի

Հազարամյակներ շարունակ լեգիոներականությունը առնչվել է բացառապես զինվորական կառույցներին։ Լեգիոն կամ լեգիոներ պարզապես նշանակում էր վարձկանների զորախումբ կամ վարձկան զինվոր։

20-րդ դարի կեսերից սկսած՝ լեգիոներ երևույթը տարածում ստացավ նախ մարզաշխարհում՝ որպես արտասահմանցի բարձրակարգ (վարձու) մարզիկ, իսկ անհամեմատ շատ ավելի ազատ շփումների մեր ժամանակներում լեգիոներականությունը տարածվեց արվեստի ու գիտության ոլորտում, հատկապես կոլեկտիվ արվեստներում։

Aravot.am-ը անդրադարձել է հայաստանյան պետական նվագախմբերում լեգիոներ երաժիշտներին, նաև բալետային արվեստում նրանց ներգրավվածությանը։

Հիշեցնենք, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում շուրջ երեք տարի է, ինչ գործունեություն են ծավալում բալետի հինգ ռուս արտիստներ։ Վերջերս էլ թատրոնում իրենց գործունեությունն են սկսել իտալացի վեց բալետի արտիստ, նվագախմբում էլ՝ մեկ երաժիշտ հոբոյահար։ Սա արդյունք է 2024 թ. Երևանի և Միլանի «Լա Սկալա» թատրոնների միջև ստորագրված պայմանագրի։

Մինչ իտալացի արտիստներին ներկայացնելը, փաստենք հետևյալը։ Այդ հուշագրի շրջանակներում 2025 թ. Երևանում բեմադրվեց Վերդիի «Օթելլոն», որն ըստ էության հայ-իտալական համատեղ նախագիծ էր՝ ռեժիսորն էր Ֆաբիո Սպարվոլին, դիրիժորը՝ Ալեսսանդրո Բոնատոն։ Ընթացիկ տարեսկզբին Լեոնկավալլոյի «Պայացներ» օպերան իր ռեժիսուրայով ներկայացրեց հռչակավոր «Լա Սկալայում» գործունեություն ծավալած ռեժիսոր Մարիո Ակամպան։

Վերադառնանք բալետարվեստին։ Միլանում կայացած միջազգային բալետային դիտումներին (IBA) առաջին անգամ մասնակցել է մեր թատրոնի բալետային խմբի ղեկավարությունը՝ գլխավոր բալետմայստերի պաշտոնակատար Ռուբեն Մուրադյանը, խմբի վարիչ Սերգեյ Սաֆարյանը։ Ինչ խոսք, սա կարևոր քայլ է Հայաստանի օպերային թատրոնի միջազգային ճանաչման բարձրացման ուղղությամբ։

Մի բան էլ՝ Խաչատրյանի «Գայանե» բալետային ներկայացման ավելի քան կեսդարյա պատմության ընթացքում այս տարի առաջին անգամ Արմենի դերապարով հանդես եկավ իտալացի Ֆերդինանդո Պագանը, որը ներկայացավ նաև Կոմս Ալբերտի կերպարով Ադանի «Ժիզելում»։

Օրերս Օպերային թատրոնի տնօրեն Կարեն Դուրգարյանը հերթական անգամ հյուրընկալել էր Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն. Գ. Ալեսսանդրո Ֆերրանտիին։

Երբ հետաքրքրվեցինք, թե այս անգամ ինչն է թատրոն բերել պարոն դեսպանին, պարզվեց, որ նրան հետաքրքրում է իր համերկրացի արտիստների ստեղծագործական կյանքը, ինչը մեզ հաճելիորեն զարմացրեց, թեև գիտենք ու երբեմն փաստել ենք մշակութասեր դեսպանի հաճախակի այցերը մշակութային օջախներ, նաև մշակութային հաստատություններ։ Օրինակ՝ Օպերային թատրոն այցին նախորդել էր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացած համերգին նրա մասնակցությունը, որի ընթացքում օպերային դասարանի ուսանողները հանդես են եկել ոչ միայն իտալական օպերաներից արիաների կատարումներով, այլև իտալերենով՝ իտալացի բանաստեղծների ստեղծագործություններով։

Մաքսիմ Նիկոնով

Մեր խնդրանքին՝ հակիրճ ներկայացնել թատրոնում իտալացի լեգիոներ արտիստների գործունեությունը՝ մաեստրո Դուրգարյանն ըստ էության չպատասխանեց, փոխարենը հարցն ուղղեց բալետի արտիստ Վինչենցո Պետրոնցիին։ Միայն տեղեկացրեց, որ, իր խոսքերով, «հիացած եմ մեզ մոտ շուրջ մեկ տարի գործունեություն ծավալած, «Լա Սկալա» ակադեմիայի շրջանավարտ, թատրոնի արտաքին կապերի մենեջեր Մաքսիմ Նիկոնովի աշխատանքով»։

Վինչենցո Պետրոնցի

Իսկ մեզ հետ կարճատև զրույցում Վինչենցո Պետրոնցին նախ ներկայացրեց Երևանի օպերային թատրոնում իր համերկրացի արվեստագետներին՝ բալետի արտիստներ Սոֆիա Պագանի, Պրիշիլա Վոլպե և հոբոյահար Լիա Սկալաս։ Հետո էլ հավաստիացրեց.

— Մեզ հայտնի էր՝ Հայաստանը բազմադարյա մշակույթ ունեցող երկիր է։ Եվ այդ մշակույթի հենքը զգացինք դեռ թատրոն առաջին անգամ ոտք չդրած, փաստորեն դրսում, այո, միանգամից զգալի էր այդ մշակութային արժեքների դարեդար փոխանցված լինելը։

Առաջին իսկ օրվանից շրջապատվել ենք ոչ միայն բարձրակարգ մասնագետներով, այլև պարզապես հիանալի մարդկանցով։ Ես ու ընկերներս, յուրաքանչյուրս սկսել ենք մեր կարիերան Իտալիայում, տարբեր դերապարերով արդեն հասցրել ենք ներկայանալ հայ հանդիսատեսին։ Մի խոսքով՝ այստեղ մեզ լավ ենք զգում։ Հատկապես կուզեի նշել բալետի ղեկավարության ջերմ վերաբերմունքը, մեր փորձավարների ու կոնցերտմայստերների հետ անցկացված պարապմունքները, որոնք, բացի մասնագիտական բարձրագույն ցուցումներից, ներառում են անբացատրելի մարդկային ջերմություն։

Հետաքրքրությանը, թե մինչև մեր թատրոնը որտե՞ղ է բեմ բարձրացել երիտասարդ արտիստը, Վինչենցո Պետրոնցին պատասխանեց.

— Երկու տարի պարել եմ «Սան-Կառլոյի» թատրոնում, այնուհետև՝ Վիեննայի պետական թատրոնում, մինչ Երևան այցս էլ՝ Լոնդոնի Թագավորական թատրոնում, հանդես եկել դասական, նեոկլասիկ բեմադրություններում, ինչպես համաշխարհային բալետային գրականության, այնպես էլ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններում։ Ձեր թատրոնում կուզեի հանդես գալ գլխավոր դերապարերով Ադանի «Ժիզելում», Չայկովսկու «Կարապի լճում», և ինչու ոչ՝ խաչատրյանական բալետներում։

Սամվել Դանիելյան

Լուսանկարները՝ Մարիա Վարդանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment