Օգոստոսի 1-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 03:40-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 30-ամյա Արման Միրզոյանն իր վարած «ՎԱԶ 217230» մակնիշի ավտոմեքենայով Իջևան խոշորացված համայնքի Դիտավան բնակավայրի միջպետական ավտոճանապարհին բախվել է իր առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել բնակչին պատկանող այգում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ՀԿՊ և հասարակական անվտանգության ապահովման 2-րդ գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի 1-ին ջոկատում՝ որպես ոստիկան, և նա վթարի է ենթարկվել աշխատանքի մեկնելիս։ Հարվածի հետևանքով ձին սատկել է։ Պարեկային ծառայությունն ու քննչական վարչությունը պարզում են ձիու սեփականատիրոջ ինքնությունը։