Արդեն երկու շաբաթ է` Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար 71-ամյա Գագիկ Խաչատրյանը պահվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում, և ըստ պաշտպանական կողմի՝ չի ստանում անհրաժեշտ բժշկական օգնություն։
Փաստաբանական խումբը մինչ օրս չի ստացել կալանավորման որոշումը՝ այն բողոքարկելու նպատակով։ Ստեղծված կրիտիկական իրավիճակի և մարդու իրավունքների կոպիտ խախտումների վերաբերյալ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի դիմաց այսօր ճեպազրույց անցկացրին Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը և նրա վիրահատությունն իրականացրած գերմանացի հանրահայտ բժիշկ, պրոֆեսոր, դոկտոր Նիլս Հանսեն Ալգենշտետը։
Ներկայացնելով բժշկին՝ փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, որ պրոֆեսորը կարճատեւ այցով Երեւան է ժամանել Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խմբի հրավերով։ «Պարոն Ալգենշտետը աշխարհահռչակ բժիշկ է եւ հատկապես մասնագիտացված է ողնաշարի հետ կապված մասնագիտական հիվանդություններում։ Նա Գագիկ Խաչատրյանի հիմնական բուժող բժիշկն է եւ ինքն է տեղադրել իմպլանտը, որի հետ կապված մշտապես նշում ենք, որ կա վիրահատության կարիք։ Քանի որ ներկայումս Գագիկ Խաչատրյանը կալանավորված է եւ նրա կյանքին ու առողջությանը լրջագույն վտանգ է սպառնում, խնդրել ենք, որ նա անձամբ ներկայանա, այս պահին զննի եւ հասկանա, թե ինչ օգնություն է հնարավոր Հայաստանում տրամադրել։
Նշեմ, որ մենք գրավոր դիմել ենք «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ին, որպեսզի պրոֆեսորի մուտքը թույլատրեն։ Արդեն երկու օր է՝ պատասխան չենք ստացել, բայց հույս ունենք, որ հիմա մեր մուտքի փորձը չի խոչընդոտվի։ Մեզ որեւէ մեկը որեւէ կերպ չի արձագանքել։ Մի քանի գրություն ենք գրել, որ եթե խոչընդոտներ կան, նախապես ասեք։ Բայց մինչեւ հիմա որեւէ արձագանք չունենք»,-ասաց փաստաբանը։
Պրոֆեսոր Նիլս Հանսեն Ալգենշտետը խոսելով Գագիկ Խաչատրյանի հիվանդության պատմության մասին՝ նշեց, որ ինքը նրան առաջին անգամ զննել է 2018 թվականին։ «Այն ժամանակ նա մեզ ներկայացավ ողնաշարի ստենոզով։ Այդ ժամանակ դա մեկ մակարդակի խնդիր էր եւ այն լուծելու համար որոշեցինք կիրառել նոր մեթոդոլոգիա, շարժունակության պահպանման մեթոդոլոգիան։ Հաջող վիրահատությունից հետո պարոն Խաչատրյանը դարձյալ հետազոտության վերադարձավ 2021 թվականին։ Մենք տեսանք, որ ցավոք սրտի ստենոզը վերադարձել է։ Սակայն այդ ժամանակ նրա ողնուղեղի շուրջ բավականին տարածք կար աշխատելու համար։
2021 թվականին կորոնավիրուսի համաճարակ կար աշխարհում։ Մենք պարոն Խաչատրյանին տեղեկացրեցինք, որ հնարավոր է՝ ինքը կրկնակի վիրահատության կարիք ունենա։ Բայց հետո չգիտեմ ինչ պատճառներով չներկայացավ հաջորդ հետազոտությանը։ Դրանից հետո ես պարոն Խաչատրյանին հետազոտելու հնարավորություն ունեցա արդեն 2024 թվականին՝ Երեւանում»,-ասաց պրոֆեսորը։
Այստեղ պարզաբանում տալու նպատակով միջամտեց փաստաբան Երեմ Սարգսյանը։ «Այդ ժամանակ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ բացակայելու արգելք խափանման միջոցն էր, մինչեւ դա՝ կալանք։ Եվ նրան թույլ չէին տալիս, որպեսզի մեկնի եւ վիրահատվի։ Իսկ այն կարճ ժամանակահատվածն էլ, որ կարճաժամկետ թույլ էին տալիս մեկնել, հենց այս դեպքն էր, որ մենք դատարանին խնդրեցինք երկարաժամկետ թույլ տալ վիրահատության ենթարկվելու համար եւ դատարանը թույլ չտվեց, քննչական մարմինները թույլ չտվեցին։ Այսինքն, ոչ թե Գագիկ Խաչատրյանը չներկայացավ, այլ նրան թույլ չտվեցին, որպեսզի ներկայանա վիրահատության»։
Շարունակելով ներկայացնել իր բուժառուի հիվանդության պատմությունը՝ պրոֆեսոր Ալգենշտետն ասաց, որ 2021 թվականին Գագիկ Խաչատրյանի կլինիկական դրությունն արդեն զգալի վատթարացել էր եւ առաջացել էր եւս մի ստենոզ։ Սակայն հետո, 2024 թվականին նրա վիճակն այնքան էր վատթարացել, որ խիստ կարեւոր էր այդ պահին վիրահատություն կատարել։
Ողնուղեղի ֆունկցիայի ցանկացած կորուստ այլեւս անդառնալի է»։
Պրոֆեսորը նշեց, որ նման հիվանդությունների բուժման պարագայում առաջնային է պացիենտին հետազոտելու, վիրահատելու եւ հետվիրահատական պրոցեսի անհրաժեշտ պայմանների ապահովումը, ինչը Հայաստանում բացակայում է։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: