Քաղաքականություն
18.09.2026 | 15:27
Հայաստանի պետական համակարգերը մայիսի 10-ից սկսած պարբերաբար ենթարկվել են կիբեռհարձակումների, սակայն դրանք որևէ կերպ չէին կարող ազդել ընտրությունների վերջնական արդյունքների վրա․ այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը։
«Նույնիսկ եթե հակառակորդին հաջողվեր վնասել համակարգը, միակ բանը, որ կարող էր տեղի ունենալ, առցանց ռեժիմով արդյունքների հրապարակման դադարեցումն էր», – նշեց ԿԸՀ նախագահը՝ ընդգծելով, որ ընտրությունների բուն արդյունքները թղթային են։
Ըստ նրա՝ բոլոր մասնակից կուսակցությունները, դիտորդներն ու լրագրողներն ունեն ընտրական տեղամասերի արձանագրությունները: Բացի այդ, ԿԸՀ-ն իրականացրել է տեղամասերի վերահաշվարկ, իսկ տվյալներն ամբողջությամբ թվայնացվել են։
Անդրադառնալով ընտրական գործընթացի միջազգային դիտարկմանը՝ Հովակիմյանը հայտնեց, որ Հայաստանում հավատարմագրված 35 երկրների 125 դիվանագետներ ունեցել են այցելուի կարգավիճակ։ Ամենաշատ թվով դիվանագետներ հավատարմագրել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի Դաշնության դեսպանատները։
Խոսելով ընտրությունների վերաբերյալ քաղաքական արձագանքների և կասկածների մասին՝ ԿԸՀ նախագահը հրաժարվեց մեկնաբանել քաղաքական հայտարարությունները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան