Ռուսաստանում Մեծ Բրիտանիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյնի Դհոլակիան կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն։ Դիվանագետին բողոք են ներկայացրել Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային անօդաչու թռչող սարքերի և այլ զենքի համակարգերի մատակարարման ավելացման վերաբերյալ։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Լոնդոնը վարում է «խիստ բախման գիծ», որը հետաձգում է ռուս-ուկրաինական ռազմական հակամարտության քաղաքական կարգավորման հեռանկարը։ Հեռահար հարձակողական զենք մատակարարելով՝ Լոնդոնը «ինքն իրեն դնում է Կիեւի կողմից ռազմական գործողություններին մեղսակից լինելու դիրքում»։
«Բրիտանական կողմին ներկայացվել է միջազգային պարտավորությունների ցանկ, որոնք այն խախտում է Կիեւին աջակցելու հետևանքով… Ռուսական կողմը իրավունք է վերապահում ձեռնարկել անհրաժեշտ պատասխան գործողություններ՝ ինքնապաշտպանության իրավունքի իրականացման շրջանակներում»,- հայտնել է Ռուսաստանի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Օգոստոսի վերջին Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիան Ուկրաինային է փոխանցել «Storm Shadow» թևավոր հրթիռների արտադրության տեխնոլոգիան: Նախարարությունը զգուշացրել է, որ Մոսկվան կարող է վրեժ լուծել Լոնդոնի դեմ՝ հարձակվելով նրա ցանկացած ռազմական օբյեկտի վրա: