Երևանը կարող է ապօրինի յուրացնել Հայաստանում գործող ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը։
«Մենք նաև արձանագրում ենք նշաններ, որ հաջորդ թիրախները կարող են դառնալ Հայաստանում ռուսական արդյունաբերական և ենթակառուցվածքային ձեռնարկությունները»,- ասել է նա, գրում է Interfaxy:
Նա այդպես է մեկնաբանել Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի՝ սեպտեմբերի 17-ի խորհրդակցության ընթացքում Հայաստանում ռուսական բիզնեսի «ռեյդերային զավթումների» վերաբերյալ խոսքերը։
Շևցովը հայտարարել է, որ Երևանում տեղեկություններ են տարածում ռուսական ձեռնարկությունների գործունեության թերֆինանսավորման, ներդրումային միջավայրի վրա բացասական ազդեցության, բնապահպանական վնասների, ինչպես նաև աշխատակիցների ցածր աշխատավարձերի վերաբերյալ։
«Դա արվում է ռուսական ակտիվներն արժեզրկելու և սեփականատերերին դրանցից ազատվելու պարտադրանքի նպատակով»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
ՌԴ ԱԽ փոխքարտուղարի գնահատմամբ՝ նման մարտավարությունը կարող է բացասական հետևանքներ ունենալ Հայաստանի տնտեսության համար։
«Նման մարտավարությունը իսկական «կրակոց կլինի սեփական ոտքին» Հայաստանի տնտեսության համար՝ հաշվի առնելով, որ ռուսական բիզնեսը հանրապետությունում ստեղծել է տասնյակ հազարավոր աշխատատեղեր և օրինական հիմքերով արդյունավետ կառավարում է իր ակտիվները՝ զգալի ներդրում ունենալով Հայաստանի ՀՆԱ-ում»,- ընդգծել է Շևցովը։
Նա նաև պնդել է, որ Երևանի կողմից ճնշում է գործադրվում ոչ միայն ռուսական բիզնեսի, այլև Հայաստանի այն գործարարների նկատմամբ, որոնք համաձայն չեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքականության հետ։
«Ինչպես տեսնում ենք, տնտեսական «մտրակն ու ռեյդերությունը» դառնում են Հայաստանի իշխանությունների լիովին կիրառելի գործիք՝ նրանց ձեռնտու քաղաքականություն վարելու համար, որն ուղղված է ռուսական ընկերությունների և դրանցում աշխատող սեփական քաղաքացիների համար պայմանների վատթարացմանը, ինչպես նաև քաղաքական դաշտն իրենց հիմնական մրցակիցներից «մաքրելուն»»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը։
Սեպտեմբերի 17-ին Շոյգուն հայտարարել է, որ Հայաստանում աշխատող ռուսական բիզնեսի նկատմամբ դրսևորվում են, իր բնորոշմամբ, ոչ բարեկամական մոտեցում և բացահայտ երկակի չափանիշներ։
«Այն, ինչ տեղի է ունենում այն ձեռնարկությունների և ամբողջական ոլորտների հետ, որոնցում Ռուսաստանը միլիարդավոր ներդրումներ է կատարել, դժվար է այլ կերպ անվանել, քան «ռեյդերային զավթում»»,- հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը։
Շոյգուն անդրադարձել էր նաև հայկական երկաթուղիների ռուսական կառավարման շարունակության վերաբերյալ ներկայացվող փաստարկներին։
«Առաջ են քաշվում բացահայտ անհեթեթ փաստարկներ, օրինակ՝ այն, որ Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղիների կառավարումը շարունակվելու դեպքում Հայաստանը կորցնում է միջազգային երկաթուղային ցանցերին ինտեգրվելու հնարավորությունները»,- շարունակել է Շոյգուն։