«Պարո՛ն Մանուկյան, չափերը ձեր մի՛ անցեք, ձեր չափերը ճանաչե՛ք»․ Վահագն Ալեքսանյանը անջատեց Շիրազ Մանուկյանի խոսափողը

«Պարո՛ն Մանուկյան, կներեք, չափերը ձեր մի՛ անցեք, ձեր չափերը ճանաչե՛ք։ Ի՞նչ է նշանակում՝ «իշխանության մի հատված վիրավորվեր Քրիստոսի արձանից կամ Քրիստոսի պատկերից», դա ի՞նչ եք ասում։ Այդ ի՞նչ ասելու բան է։ Ձեզ հայտարարվում է նախազգուշացում։ Անջատե՛ք պարոն Մանուկյանի խոսափողը ու գնացե՛ք, նստե՛ք ձեր տեղը, որ մինչև կսովորեք, թե ոնց է պետք խոսել»,- խորհրդարանում վրդովվեց ԱԺ ՔՊ-ական փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը։

Վրդովմունքի պատճառը ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շիրազ Մանուկյանի ելույթն էր։ Վահագն Ալեքսանյանն ընդհատեց պատգամավորի ելույթը՝ անջատելով խոսափողը։

«Ուզում եմ նաև հիշեցնել, որ այստեղ նաև, այո՛, պակասում է, պարոն Հովակիմյան, մեկ խմբակցություն՝ 60,000 քաղաքացու ձայն։ Ես վստահ եմ, որ դուք դա չեք արել, որ այստեղ երեք պատգամավոր ավելի լինի։ Դա երևի թե արվել է, և այսօր էլ երևի թե իրենց առաջնորդը անազատության մեջ է մի պատճառով, որ Քրիստոսի արձանը կանգնեցված չլինի, որովհետև եթե կանգնեցված լիներ, երևի թե իշխանության մի փոքր, այսպես ասած, զանգված, մի որոշ մարդիկ, կարող է վիրավորվեին, իրենց հոգևոր-կրոնական զգացմունքները վիրավորվեին այդ արձանից, կարծում եմ նրանց… »։

Ընդդիմադիր պատգամավորը պատասխանում էր իշխող խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանին, որը ցույց էր տալիս, թե ո՞ւր են կորել ԲՀԿ-ի 60 հազար ձայները։

Մինչ այդ, Շիրազ Մանուկյանն իշխող խմբակցությանն առաջարկեց․ «Առաջարկում եմ ընդհանրապես Թուրքիայի և Հայաստանի մեջ մենք միասին ընտրենք Հայաստանը, Ռուսաստանի և Հայաստանի մեջ մենք միասին ընտրենք Հայաստանը, Ամերիկայի և Հայաստանի մեջ մենք ընտրենք Հայաստանը, Ադրբեջանի և Հայաստանի մեջ մենք միասին ընտրենք Հայաստանը։ Կարող է որոշակիորեն ձեր գործընկերներից մարդիկ լինեն, որ ձեր այդ ընտրության մեջ Ադրբեջանի մասով դժվարացնեն, բայց ես ուզում եմ, որ ընտրենք Հայաստանը, դա ֆիքսենք, նորից ասեմ՝ Ռուսաստանի և Հայաստանի մեջ ընտրենք Հայաստանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment