ԵՄ-ն Ուկրաինային 3,3 մլրդ եվրո է փոխանցում հրթիռներ և անօդաչուներ գնելու համար

Եվրոպական հանձնաժողովն այսօր Ուկրաինային 3,3 միլիարդ եվրո է փոխանցում հրթիռների և անօդաչու թռչող սարքերի ձեռքբերման համար՝ 90 միլիարդ եվրո արժողությամբ Ուկրաինային աջակցության վարկի շրջանակում։

Հանձնաժողովի հաղորդագրության համաձայն՝ փոխանցումը, որը վարկի պաշտպանական բաղադրիչի շրջանակում Ուկրաինային կատարվող չորրորդ վճարումն է, նախատեսված է անօդաչուների և հրթիռների գնման համար և պետք է օգնի Ուկրաինային իր տարածքը, այդ թվում՝ օդային, պաշտպանել Ռուսաստանի շարունակվող ագրեսիայից։

Երեկ ուշ երեկոյան Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցից հետո հայտարարել էր, որ Ռուսաստանն «անխնա թիրախավորում է Կիևը»՝ փորձելով քաղաքի բնակիչների առօրյա կյանքն անհնար դարձնել։

«Մենք նրանց կողքին ենք։ Եվ բոլոր ուկրաինացիների կողքին»,- հայտարարել էր նա։

Ֆոն դեր Լայենի խոսքով՝ անցած շաբաթ Եվրամիությունն Ուկրաինային աջակցության վարկի միջոցով հաստատել էր Patriot համակարգերի ֆինանսավորումը։

Միաժամանակ, նա ընդգծել էր, որ Ուկրաինայի պաշտպանությանն «ակնհայտորեն ավելին է անհրաժեշտ»։

Այդ համատեքստում ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրահանձնաժողովը պատրաստ է Եվրոպայի անվտանգության գործողության՝ SAFE գործիքի մնացած միջոցներն օգտագործել ԵՄ-Ուկրաինա համատեղ պաշտպանական նախագծերի նոր ծրագիր սկսելու համար։ Նախաձեռնությունը նախատեսում է մշակել եվրոպական օդային և հակահրթիռային պաշտպանության համակարգ՝ հիմնվելով առկա «Ֆրեյա» հակաբալիստիկ համակարգի վրա։ Ֆոն դեր Լայենի խոսքով՝ ծրագիրը պետք է համադրի Ուկրաինայի մարտադաշտային փորձն ու նորարարությունը Եվրոպայի տեխնոլոգիական և արդյունաբերական ներուժի հետ։

Այսօրվա փոխանցումից հետո Եվրահանձնաժողովն այս տարի Ուկրաինային, ընդհանուր առմամբ, գրեթե 15 միլիարդ եվրո կփոխանցի, ներառյալ՝ պաշտպանական և ավելի լայն աջակցության միջոցները։

Ուկրաինային աջակցության 90 միլիարդ եվրոյի վարկը 2026-2027 թվականների համար ներառում է 30 միլիարդ եվրո բյուջետային օգնության և 60 միլիարդ եվրո՝ պաշտպանության համար։

Կարինե Ասատրյան

 

 

Leave a comment