Գերմանիան և Եվրամիությունը չպետք է Հայաստանին կանգնեցնեն Եվրոպայի և Ռուսաստանի միջև արհեստական ընտրության առաջ։ Այս մասին «Известия»-ին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր և օրերս Հայաստան այցելած Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորների պատվիրակության անդամ Մաթիաս Մոսդորֆը։
Նրա խոսքով՝ Հայաստանի՝ Եվրամիության չափանիշներին ադապտացվելու գործընթացը շատ ավելի առաջ է գնացել, քան Գերմանիայում ընդունված է կարծել։ Մոսդորֆը նշել է, որ ԵՄ–Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) հիմք է ստեղծել մի շարք ոլորտներում ինտեգրման համար՝ մրցակցությունից և պետական գնումներից մինչև արտադրանքի անվտանգություն, մաքսային կառավարում և իրավական որոշակիություն։
Միաժամանակ գերմանացի պատգամավորը նշել է, որ ԵՄ-ին ինտեգրման լիարժեք պատրաստվածության մասին դեռ վաղ է խոսել։ Նրա գնահատմամբ՝ անհրաժեշտ են հետագա բարեփոխումներ՝ օրենքների միատեսակ կիրառման, պետական կառավարման և դատական համակարգի անկախության ու կանխատեսելիության, կոռուպցիայի դեմ պայքարի, ինչպես նաև տեխնիկական և սանիտարական չափանիշների ոլորտներում։ Նա ընդգծել է նաև Հայաստանի անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը։
Մոսդորֆը անդրադարձել է նաև Հայաստանի և ԵՄ-ի միջև վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին։ Նրա խոսքով՝ Հայաստանը վերջին շրջանում էական քայլեր է կատարել՝ փոփոխելով միգրացիոն համակարգը, թարմացնելով քաղաքացիության կառավարման մեխանիզմները և սկսելով նոր կենսաչափական փաստաթղթերի ներդրումը։ Եթե այս բարեփոխումները գործնականում և մշտապես արդյունավետ աշխատեն, ապա, նրա գնահատմամբ, վիզային ռեժիմի ազատականացումը կլինի հիմնավորված։
Անդրադառնալով Հայաստանի հնարավոր հանրաքվեին՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու եւ ԵՄ-ին միանալու վերաբերյալ, Մոսդորֆը նշել է, որ հարցը քննարկվում է նաև Բունդեսթագում, սակայն նման որոշման հարցում վճռորոշը պետք է լինի հայ ժողովրդի կամքը։
Նրա խոսքով՝ Հայաստանի «հատուկ ուժը» քաղաքական հավասարակշռություն պահպանելու և միաժամանակ հարաբերություններ զարգացնելու կարողությունն է՝ ինչպես Եվրամիության ու Ռուսաստանի, այնպես էլ այլ գործընկերների հետ։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: