Մագդալենա Գրոնոն Բաքվում բարձրացրել է հայ պատանդների հարցը․ ԵՄ խոսնակի պարզաբանումները Factor TV-ին

«ԵՄ հատուկ ներկայացուցիչը չի վիճարկել Ադրբեջանի նախկին հակամարտության գոտիներում հայկական ժառանգության հարուստ, պատմական հետքն ու ներկայությունը»,- Factor TV-ի հարցմանն ի պատասխան գրավոր հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Քրիստիան Վիգանդը։

Factor TV-ն դիմել էր՝ ստանալու Եվրահանձնաժողովի մեկնաբանությունը՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյի մշակութային ժառանգության վերաբերյալ վիճահարույց գրառման վերաբերյալ։

Սեպտեմբերի 11–12-ին ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ադրբեջանի իշխանությունների՝ դեպի Արցախի տարածքներ կազմակերպած այցից հետո X-ում գրել էր, որ «Լեռնային Ղարաբաղի որոշ մշակութային վայրերի ծագման շուրջ» Հայաստանի և Ադրբեջանի միջև պահպանվում են «խորապես տարբերվող տեսակետներ և նարատիվներ», և դրանք պետք է քննարկվեն: Ադրբեջանի պաշտոնյաներն այդ այցի ընթացքում հերթական անգամ հայկական եկեղեցիներն ու վանքերը ներկայացրել էին որպես «կովկասյան աղվանական» ժառանգություն։

«Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն նշել է, որ մշակութային ժառանգության հարցը, ինչպես խաղաղության բազմաթիվ գործընթացներում է, հաշտեցման կարևորագույն տարր է լինելու։ Առայժմ, կարծես թե, հայկական և ադրբեջանական կողմերի միջև համաձայնություն չկա հարցի որոշ ասպեկտների, այդ թվում՝ պատմական փաստերի վերաբերյալ»,- մեկնաբանել է Քրիստիան Վիգանդը։

Այնուամենայնիվ, ԵՄ ներկայացուցչի այսպիսի ձևակերպումներն ու նմանատիպ այցերին մասնակցությունը, որոնց ժամանակ կասկածի տակ է դրվում հուշարձանների հայկական պատկանելությունը, կարո՞ղ են նպաստել հաշտեցմանն ու կայուն խաղաղությանը։

Քրիստիան Վիգանդի խոսքով՝ սա վերջին մի քանի տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանությունների՝ տեղական դիվանագիտական համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպած 22-րդ նմանատիպ այցն էր։

«Մենք կարծում ենք, որ դիվանագիտական համայնքի համար կարևոր է տեղում, սեփական աչքով տեսնել իրական իրավիճակը, քանի որ մենք ուղիներ ենք փնտրում՝ աջակցելու կողմերին չլուծված հարցերի կարգավորման գործում»,- ընդգծել է խոսնակը։

Մագդալենա Գրոնոն, ինչպես ինքն էր նշել X-ում իր գրառման մեջ, առաջին անգամ է մասնակցել Արցախ կազմակերպված այցին։

ԵՄ հատուկ ներկայացուցիչն իր գրառման մեջ օգտագործել էր նաև Ադրբեջանի պաշտոնյաների կողմից կիրառվող  «Արևելյան Զանգեզուր» անվանումը։ Միակողմանի նման տերմինաբանության օգտագործումն արդյո՞ք Հայաստանում չի ազդի ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի չեզոքության և անկողմնակալության նկատմամբ վստահության վրա։

«Արևելյան Զանգեզուրն իսկապես վերաբերում է Ադրբեջանի՝ նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում գտնվող վարչական շրջանին։ ԵՄ-ն, ինչպես և Հայաստանն ու ողջ միջազգային հանրությունը, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա»,- հայտնել է Քրիստիան Վիգանդը։

Ադրբեջանի իշխանություններն Արցախում էթնիկ զտումից հետո նպատակաուղղված կերպով ոչնչացնում են հայկական հուշարձաններն ու պատմամշակութային ժառանգությունը։

Արդյո՞ք Եվրահանձնաժողովը և Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությունը (EEAS) կոչ կանեն ապահովել միջազգային անկախ, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների մուտքն Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության օբյեկտներ: Ի՞նչ կոնկրետ քայլեր են անհրաժեշտ ապահովելու համար, որ ԵՄ ներգրավվածությունը չօգտագործվի պատմական միակողմանի պնդումների կամ հայկական մշակութային և կրոնական ժառանգության փոփոխման օրինականացման համար:

«Անցած տասնամյակների ընթացքում մի քանի փորձ է արվել՝ ներգրավելու անկախ փորձագետների՝ տեղում՝ մշակութային ժառանգության օբյեկտներում փաստահավաք առաքելություններ իրականացնելու նպատակով։ Թե՛ 2020 թ. պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո կողմերի միջև տարաձայնությունների պատճառով մշակութային ժառանգության միջազգային փորձագետների համար փաստահավաք առաքելություններ իրականացնելու կրկնվող անհնարինությունը ցույց է տալիս, թե որքան դժվար է նման ջանքերի իրագործումը: Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ կլինի գտնել փոխընդունելի մոտեցում։ Իր հերթին ԵՄ-ն, անշուշտ, պատրաստ է իր փորձառությունն ու գիտելիքները տրամադրելով նպաստել այս նպատակին ուղղված ջանքերին, եթե կողմերը դիմեն»,- մանրամասնել է Քրիստիան Վիգանդը։

Եվրահանձնաժողովի խոսնակից նաև փորձել էինք պարզել՝ Բաքվում արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Ադրբեջանի նախագահի խորհրդականներ Հիքմեթ Հաջիևի ու Էլչին Ամիրբեկովի հետ հանդիպումների ժամանակ արդյո՞ք տիկին Գրոնոն բարձրացրել է Բաքվում պահվող հայ գերիների ու պատանդների հարցը: Եթե այո, ապա ԵՄ ներկայացուցիչն ինչ մտահոգություններ ու կոնկրետ պահանջներ է ներկայացրել և ի՞նչ արձագանք է ստացել Ադրբեջանի իշխանություններից։

«Բաքվում պահվող հայերի ճակատագիրը զգայուն թեմա է, որը ԵՄ հատուկ ներկայացուցիչ Գրոնոն և ԵՄ այլ պաշտոնյաներ հետևողականորեն բարձրացրել են ադրբեջանցի զրուցակիցների հետ։ Մենք հույս ունենք, որ այս հարցը կքննարկվի Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև՝ ավելի լայն հաշտեցման նրանց ջանքերի համատեքստում»,- Factor TV-ին տեղեկացրել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով խոսնակ Քրիստիան Վիգանդը՝ փակագծեր չբացելով։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 14-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ էր Factor TV-ն հարց ուղղել ԵՄ հատուկ ներկայացուցչի վիճահարույց գրառման առիթով։ Քրիստիան Վիգանդը խոստացել էր գրավոր պատասխանել ավելի ուշ՝ հանգամանքներն ուսումնասիրելուց հետո։

Կարինե Ասատրյան
Բրյուսել

Leave a comment