Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, ընթանում է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը։ Այս գործով Ռոբերտ Քոչարյանից բացի, մեղադրյալների թվում են նախկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
Հիշեցնենք, որ Մարտի մեկի գործով անցնող անձանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր Սահմանադրական դատարանի այն որոշումից հետո, որով մեղադրանքի հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական։ Ռոբերտ Քոչարյանը եւ նրա նախկին ենթակաները սահմանադրական կարգը տապալելու հոդվածով առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել էին դեռ 2021-ին: Արդարացումից 3 տարի անց Վճռաբեկ դատարանը բեկանեց այդ որոշումը, գործն ուղարկեց նոր քննության:
Դատարանի բակում հավաքվել են Ռոբերտ Քոչարյանի աջակիցները։ Նրանց պահանջում են կալանքից ազատ արձակել Քոչարյանին։ Հիշեցնենք, որ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է մեկ այլ գործով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու համար։ Նույն գործով կալանավորվել է նաև նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի հետ հանդիպելու հնարավորություն չունեն, ըստ փաստաբանի, նրա առողջության հետ կապված ամեն ինչ նորմալ է, բայց սրտի վիրահատության ենթարկվելու պատճառով բժիշկների հսկողության խնդիր կա։
«Ինչ վերաբերում է այս գործին, տեւական ժամանակ է՝ եւ փաստաբանները, եւ ժողովուրդը չեն կարողանում հասկանալ, թե ինչի մասին է այս դատական պրոցեսը, այս ֆարսը, որն իրականացվում է իշխանությունների կողմից։ Նույնիսկ դատարանը չի կարողանում մեղադրանք ներկայացնել, որովհետեւ իրենք էլ են հասկանում, որ սա գործ չէ, փուչիկ է։ Նույնիսկ ոզնուն է հայտնի, որ սա քաղաքական բեսպրեդել է, որևէ իրավական գործընթաց չկա»,- ասաց Խաչատրյանը։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե նախընտրական փուլում հանրությունն է իրենից պահանջել պատժել Քոչարյանին եւ մյուս նախկին պաշտոնյաներին, Սևակ Խաչատրյանը պատասխանեց․ «Բոլոր կեղտոտ, հակահայկական գործերն իրականացվում են ժողովրդի անունից։ Լավ, ենթադրենք, ժողովրդի ինչ-որ հատված նման կարծիք են հայտնել, սա երկիր է, չէ՞, այս երկրում կան Սահմանադրություն, օրենքներ, դատարաններ, այսինքն՝ ժողովուրդն ինչ ասի, իշխանությունները պետք է իրականացնե՞ն։ Բնականաբար, դա իր սրտի ցանկությունն է, և այս ապօրինի կալանավորումների թելերը տանում են շատ ուրիշ տեղեր։ Սա բնականաբար աշխարհաքաղաքական գործ է, որովետեւ տեսնում ենք հակառուսական տրամադրությունների գեներացում իշխանությունների կողմից։ Եվ այն մարդիկ, ովքեր կողմ են հայ-ռուսական հարաբերություններին, այդ մարդիկ այսօր կալանքի մեջ են»։
Մանրամասները՝ տեսանյութում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյաննն ասաց, որ սա ամբողջովին քաղաքական, շինծու քրեական գործ է՝ կարված Նիկոլ Փաշինյանի քիմքին համապատասխան, որպեսզի Փաշինյանն ու ՔՊ-ականներն առիթ-անառիթ խոսեն, գոռգոռան, մատի փաթաթան սարքեն։
Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի գործով դատախազության ներկայացրած մեղադրանքին՝ Գեղամ Մանուկյանն ասաց, որ դատախազության գործունեությանը չի վստահում։ «Դատախազությունը Գագիկ Խաչատրյանին վերագրել է 1,5 մլրդ դոլար, բայց պարզվել է, որ դրամ է։ Բայց դատախազությունը ներողություն չի խնդրել։ Դատախազությունն ամեն օր անօրինականություն է իրականացնում, ամեն օր սուտ է խոսում։ Բագրատ սրբազանի եւ 18 արդարների գործով այն բոլոր հայտարարությունները, որոնք արել է դատախազությունը, ամբողջովին հերքվել են դատարանում»։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: