Երևանի կենտրոնում մրգերի վրա «Դիխլոֆոս» փչելու մասին աղմկահարույց տեսանյութը հայտնվել է ՍԱՏՄ-ի ուշադրության կենտրոնում․ ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու վերաբերյալ տարածված տեսանյութի հիման վրա, հայտնում են ՍԱՏՄ-ից։
«Սոցիալական ցանցերում տարածված և հանրային հնչեղություն ստացած տեսանյութի հիման վրա, որտեղ քաղաքացին պնդում է, թե տեսել է ինչպես է պտուղ-բանջարեղենի խանութի (Երևան, Սարյան 33/4) աշխատակիցը միջատասպան «Դիխլոֆոս» տեսակի նյութը փչում վաճառվող մրգերի վրա, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժինը ձեռնարկել է ԱՆՀԱՊԱՂ վերահսկողական միջոցառումներ, տեղում վերցվել են նմուշներ և տրվել լաբորատոր փորձաքննության», – նշված է հաղորդագրության մեջ:
Տեսչական մարմինը հանրությանը լրացուցիչ կտեղեկացնի իրականացված վերահսկողության և լաբորատոր հետազոտության արդյունքների մասին։