Քաղաքականություն
18.09.2026 | 12:01
Սեպտեմբերի լույս 18-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա 93 անօդաչու թռչող սարքերով, որոնցից 69-ը խոցվել են, փոխանցում է Current time-ը։
13 անօդաչուներ հասել են իրենց նշանակետերին, ևս երեքի բեկորներն ընկել են երեք վայրերում, հայտնում են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը։ Ժիտոմիրի շրջանում զոհվել է 2 մարդ, ևս 2-ը՝ վիրավորվել։ Ուկրաինայի պետական արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Կորոստենի շրջանում հրդեհվել են պահեստային և արդյունաբերական շենքեր։
Կիևի մարզում վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ 3 երեխա։ Մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Տիմուր Տկաչենկոյի խոսքով՝ նրանք վիրավորվել են Ֆաստիվի շրջանում առավոտյան տեղի ունեցած հարձակման ժամանակ, որտեղ ավերվել և վնասվել են մասնավոր տներ։
Զապորոժիեի մարզում գտնվող առևտրի կենտրոնը ոչնչացվել է, 1 մարդ վիրավորվել է: Փրկարարները պայքարում են ավելի քան 10,000 քառակուսի մետր տարածք զբաղեցնող հրդեհի դեմ: Հրշեջների աշխատանքին խոչընդոտում է ռուսական հետագա հարվածների մշտական սպառնալիքը, ինչը նրանց ստիպել է նահանջել ապաստարաններ։
Ռուսաստանի զինված ուժերը նաև զանգվածային հարձակում են իրականացրել Օդեսայի մարզի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Կիպերի խոսքով՝ վիրավորվել է երեք մարդ: Հարձակումների հետևանքով ավերվել է մեկ մասնավոր տուն, վնասվել են առնվազն հինգ այլ մասնավոր տներ, ձեռնարկություն, պահեստներ, լիցեյի շենք, ջերմոցներ և մի քանի տրանսպորտային միջոցներ։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օդեսայի մարզում հարված է հասցվել «Նովա Պոշտա» լոգիստիկ կենտրոնին, իսկ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել բեռնատար նավի, որը, ենթադրաբար, տեղափոխում էր «ռազմական» բեռներ:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի