Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի տարածաշրջանային այցը մի այլ կարգի ոգևորել է ինչպես քպական քարոզիչներին ու քպամերձ արևմտյան սատելիտներին, այնպես էլ ու առանձնապես՝ Նիկոլ Փաշինյանին: Ճիշտ է, ոգևորության բռնկումները սկսեցին մարել, երբ արդեն Բաքվում ԱՄՆ փոխնախագահն Ալիևի հետ հանդիպեց ու որոշակի հայտարարություններ արեց, որոնցից մի քանիսն առնվազն վտանգավոր էին, այդ թվում՝ TRIPP-ի վրայով թռչելու մասին հայտարարությունը: Նաև՝ երբ խմբագրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիր կատարած այցի վերաբերյալ իր պաշտոնական էջում արված գրառումը: Իսկ երբ պարզ դարձավ, որ իրականում ոչ թե Հայաստանին է ԱՄՆ-ը միլիարդներ տալու, այլ Հայաստանն է միլիարդներ տալու ԱՄՆ-ին, ոգևորության փուքսն, ինչպես ասվում է, նկատելիորեն մարեց: Մի խոսքով, եկավ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, նրա այցն ակտիվորեն քննարկվեց, իշխանական շրջանակները հիացական մեկնաբանություններ արեցին, ընդդիմադիրները՝ քննադատական արձագանքներ, վերջիններս նաև ակցիաներ իրականացրեցին:
Բայց այս ամենի մեջ գոնե մեզ համար ոչ պակաս հետաքրքիր էր այլ հանգամանք: Տեսեք, այս օրերին աշխուժորեն սկսեց քննարկվել այն թեզը, որ ԱՄՆ փոխնախագահ Վենսի՝ Հայաստան կատարած այցը Նիկոլ Փաշինյանի համար «փիար» էր՝ հունիսին նախատեսված ընտրություններին ընդառաջ: Վենսն ինքն էլ, կարծես, ուղիղ տեքստով ասաց, որ ինքը Փաշինյանի կողմից է (չնայած, իմիջիայլոց, փաշինյանենք ԱՄՆ նախագահական վերջին ընտրություններում հոգով-սրտով Բայդեն էին երկրպագում):
Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ու նրա իշխանության օտարաշահ «գիծը» ԱՄՆ-ին միանգամայն ձեռնտու է: Թեկուզ այն պատճառով, որ իրենց կողմից թշնամի հռչակված Իրանի հենց սահմանին «ոտատեղ» են արել՝ ի դեմս «Թրամփի ուղու», չհաշված՝ Հայաստանն Իրանի հետ ցամաքային կապից կտրելու հեռանկարը: Ավելին, Փաշինյանը և ՔՊ-ն Թուրքիայի ու Ադրբեջանի ծրագրերն են կյանքի կոչում, լիովին սպասարկում են Հայաստանի ու հայ ժողովրդի երդվյալ թշնամիների շահերն ու օրակարգերը, այնքան ու այնպես, որ Անկարայում ու Բաքվում մեկ տասնամյակ առաջ չէին էլ համարձակվի երազել:
Էհ, բնականաբար, նրանք՝ Բաքուն, Անկարան, Ալիևը, Էրդողանը, պիտի շահագրգռված լինեն, որ Փաշինյանին ամեն գնով պահեն իշխանության, նրա համար «փիար» էլ են անելու, տո՝ ձրի բենզին էլ կտան, պետք լինի՝ ոստիկաններ ու թիկնապահներ էլ կուղարկեն: Դե, իսկ Արևմուտքը, տվյալ դեպքում՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ը՝ առանձին-առանձին, իրենց ձևերով են Փաշինյանին ու նրա ՔՊ-ին «փիարում», սատարում, քարոզում: Տարօրինակ կլիներ, որ «չփիարեին», ախր Փաշինյանը չի խնայում Հայաստանը՝ օտարների շահերին և ախորժակին հագուրդ տալու համար, միայն թե իրեն օգնեն ամեն գնով պահել իշխանությունը:
Այնպես որ, պայմանական ասած՝ նման «Վենսեր» ու այլ քարոզչական «դիջեյներ» առաջիկա ամիսներին շատ են Երևան գալու-գնալու:
Բայց, ի վերջո, կա ամենակարևոր հարցը՝ հունիսի 7-ին ո՞վ է գնալու քվեարկության: Ո՞վ է ընտրություն կատարելու և իր ընտրությանը տեր կանգնելու:
Էլի հավաքականորեն ասած՝ Վենսն ու Կայա Կալլասը չեն գնալու քվեարկեն, չէ՞: Քվեարկելու են, ընտրություն են կատարելու մեր քաղաքացիները: Մենք՝ բոլորս:
Մենք ուզո՞ւմ ենք, որ մեր երեխաները, մեր զավակները, թոռները պետություն, երկիր, ապրելու կենսատարածք ունենան, թե՞ ուզում ենք Փաշինյանի հերթական արկածախնդրության զոհեր դառնան՝ «հանուն ոչնչի», ի լրումն՝ զրկվելով երկրից, պետությունից, դառնալով աներկիր թափառականներ:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: