Մանե Թանդիլյան. Առաջարկում եմ, որ ադրբեջանցիները, ի նշան «բողոքի», հրավիրեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային՝ սեփական աչքով տեսնելու այնտեղ գտնվող հայերի «դատավարությունները». «Հրապարակ»

Մեր զրուցակիցն է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։

– Շուրջ երկամսյա դադարից հետո Բաքվում վերսկսվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ դատավարությունը։ Նրա նկատմամբ ձեր քաղաքական ուժի եւ անձամբ Ձեր վերաբերմունքը, Ձեր զգացումները հայտնի են։ Վարդանյանի մասին եւս ակնարկել եք Վենսին ուղղված նամակում։ Ի՞նչ սպասումներ ունեք նրա դեմ շինծու դատավարությունից։ Սպասե՞լ հրաշքի…

– Բաքվում ընթացող «դատավարություններից» որեւէ արդար սպասելիք չունեմ։ Սակայն դա չի նշանակում, որ մենք կարող ենք կամ երբեւէ պետք է ընդունենք այնտեղ կայացվող «վճիռները»։ Դրանք իրավական գործընթաց չեն, այլ՝ քաղաքական հաշվեհարդար։ Մեր պարտքն ու պարտականությունն է՝ շարունակական ու համակարգված պայքար բոլոր հնարավոր հարթակներում՝ քաղաքական, իրավական եւ միջազգային։ Քանի դեռ վերջին հայը չի վերադարձել իր տուն, այս պայքարը չի դադարելու՝ անկախ վայրից, ժամանակից կամ ճնշումներից։

– Ադրբեջանում մեծ հիստերիա են բարձրացրել եւ պնդում են, թե հայկական լոբբիստական կառույցները, հատկապես՝ ԱՄՆ-ում հայկական սփյուռքը, օգտագործելով Միացյալ Նահանգների փոխնախագահի հարավկովկասյան ուղեւորությունը, փորձում են ճնշում գործադրել Բաքվի վրա՝ հայ բանտարկյալների հարցով։ Հիշատակում են նաեւ փետրվարի 9-ին ՀՀ նախագահական նստավայրի դեմ տեղի ունեցած ցույցը՝ Վենսի այցին ընդառաջ, նույն գերիների ազատ արձակման պահանջով։ Դրան նաեւ Դուք մասնակցեցիք…

– Ադրբեջանի «հիստերիան» ոչ այլ ինչ է, քան պարզ մանիպուլյացիա։ Իրական ճնշումը ոչ թե մենք ենք ստեղծում, այլ այն, որ դեռ կան հայ գերիներ, որոնք անարդար կերպով պահվում են Բաքվում։ Ես առաջարկում եմ, որ ադրբեջանցիները, ի նշան «բողոքի», հրավիրեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային՝ սեփական աչքով տեսնելու այնտեղ գտնվող հայերի «դատավարությունները», պայմանները, տառապանքն ու փաստերը, թե ինչի համար են այդ մարդիկ «դատվում»։ Աշխարհը պետք է տեսնի եւ ընդունի ճշմարտությունը, ոչ թե Բաքվի դեկլարացիաները կամ հնչեցրած պնդումները։

Արա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment