Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հյուրընկալել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ներկայացուցիչ Ղասան Խալիլիի գլխավորած պատվիրակությանը։
Ինչպես հայտնել է մարզպետի աշխատակազմը, հանդիպմանը մասնակցել է նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան, օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը։
Առաջին անգամ Շիրակի մարզում գտնվող ՅՈՒՆԻՍԵՖ-ի նորանշանակ ներկայացուցչին Դավիթ Առուշանյանը ներկայացրել է Շիրակի մարզը, առավելություններն ու հնարավորությունները, համայնքներում առկա առաջնահերթություններն ու կրթությանը, մասնավորապես՝ դպրոցաշինությանը, երեխաների և ընտանիքների կարիքներին ուղղված աշխատանքները։
Հանդիպման ընթացքում Արթուր Ալեքսանյանը, Ղասան Խալիլիին ներկայացնելով Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հետ գործակցությունը, կարևորել է մարզպետի աշխատանքը, մարզին ցուցաբերած նվիրվածությունն ու մարզիկների հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը։
Դավիթ Առուշանյանը բարձր է գնահատել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից մարզում իրականացվող սոցիալական և առողջապահական նախաձեռնությունները՝ ընդգծելով կազմակերպության հետ համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը։
«Մենք կարևորում ենք ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը և այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված են մարզի երեխաների, ընտանիքների և ընդհանրապես բնակիչների կյանքի որակի բարելավմանը։ Նման ծրագրերի և գործունեության իրականացումը միանշանակ կարևոր է մեզ համար, և մարզպետի աշխատակազմը պատրաստ է հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց իրականացմանն ու ընդլայնմանը»,- նշել է մարզպետը։
Ղասան Խալիլը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ հաստատելով ՅՈՒՆԻՍԵՖ-ի հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունն ու աջակցությունը մարզի երեխաների առողջության, իրավունքների և բարեկեցության ապահովման ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ նախաձեռնություններն ու առաջիկա ծրագրերը, ինչպես նաև հնարավոր համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերը։