«Հաստատ հաջորդ վարչապետը ես եմ լինելու, դուք էլ ծափահարելու եք, Փաշինյանն էլ է ծափահարելու»,- իր գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։
Այս պահին ընթանում է դատական նիստը։ Նախագահող դատավոր Վահե Դոլմազյանը հայտնեց, որ նիստի ընթացքում նաև քննարկվելու է Սամվել Կարապետյանի տնային կալանքի ժամկետի հարցը։
Ըստ նրա՝ իրական Հայաստանի գաղափարախոսությունը հայրենիք չունենալն է․ «Դրա համար մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ գաղափարախոսությունն ինքն առաջ տանել չկարողանա։ Ամեն ինչ անելու ենք, մի կասկածեք»։
Հարցին՝ ընտրողները Ձեզնից այս սպասումներն ունեի՞ն, Ձեր պլաններում կա՞ մարդկանց մոբիլիզացնել, փողոց հանել, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ես մի քանի անգամ ասել եմ՝ ինչի կարիք լինի, մենք դա անելու ենք։ Տեսնում եմ՝ ամենաշատը ես ու դուք ենք (դիմում է լրագրողին,-Տ․Հ․) շտապում ճանապարհենք սրանց»։
Հարցին՝ եթե Տիգրանաշենը զբոսաշրջային կենտրոն դարձնեն, մի՞թե դա կխոչընդոտի ՀՀ իշխանությունների՝ Տիգրանաշենն Ադրբեջանին հանձնելու ծրագրին, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ինչի կարիք լինի, Տիգրանաշենի համար կանենք, որ այս չարիքի իշխանությունների թաթիկները չհասնեն Տիգրանաշեն»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ տիգրանաշենցիների հետ խոսե՞լ եք, նա պատասխանեց․ «Այս հարցը միայն տիգրանաշենցիներով չէ, սա ամբողջ մեր ազգի հարցն է։ Փաշինյանն արդեն սովորել է լավ կաշառել ժողովրդին․ կկաշառի, տիգրանաշենցիներն էլ ձայները կկտրեն։ Այդքան պետական ընտրակաշառք բաժանեց»։
Հարցին՝ նեղացա՞ծ է Սամվել Ալեքսանյանից և Հովիկ Աբրահամյանից, Սամվել Կարապետյանը պատասխանեց․ «Ոչ մեկից նեղացածություն չունեմ։ Ամեն մարդ իր գործով զբաղվում է, թողնենք, թող զբաղվեն։ Բոլորից շատ գոհ եմ, որ չեն խառնվում իմ գործերին»։
Փաստմանը՝ ՌԴ-ից ակնարկում են գազի գնի հնարավոր բարձրացման մասին, այս առիթով Սամվել Կարապետյանն արձագանքեց․ «Եթե Փաշինյանը խնդրի ռուսներին, նրանք գազի գինը կբարձրացնեն։ Շուտով կտեսնենք՝ խնդրել է, թե չի խնդրել»։
Հարցին՝ 300000 ադրբեջանցիներն ի՞նչ եղան, եկա՞ն ՀՀ, Սամվել Կարապետյանն այսպես պատասխանեց․ «Գալիս են, դուք տեղյակ չեք, մի երկու մարդու տեղ ես արդեն գիտեմ»։
Մյուս հարցին՝ որ ռուսական կողմը ռուսական 102-րդ բազան հանի ՀՀ-ից, մենք անտե՞ր կմնանք, Սամվել Կարապետյանն այսպես պատասխանեց․ «Փաշինյանն է անտեր մնալու, ես անտեր չեմ մնա։ Իր իշխանության միակ պահողը բազան է»։ Իսկ թե ինչո՞ւ Ռուսաստանը հիշեց բազայի հարցը, Սամվել Կարապետյանն այս առիթով ասաց․ «Ռուսաստանը հիշեցնում է ընդհանուր բոլոր խնդիրները։ Մենք պետք է ազգովի որոշենք՝ ինչն է մեզ ձեռնտու։ Բազան պետք է լինի, որ մենք անվտանգության համակարգ ունենանք։ Զորավար Փաշինյանը միայնակ կարողանո՞ւմ է Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ կանգնի, թե՝ իրեն օգնություն է պետք։ Եթե օգնություն պետք չէ, ինչպես ՀԱՊԿ-ը սառեցրեց, նույն բազան էլ կարող է մտցնել սառնարան»։
Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: